13 Հունվարի, 2023
Հայաստանում կհստակեցվեն «դոպինգ» եւ «հակադոպինգային գործունեություն» հասկացությունները։ Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նիստում «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Կորոշվեն նաեւ Հայաստանում ազգային հակադոպինգային կազմակերպության նշանակությունն ու նրա լիազորությունները:

«2022 թվականին մեր մարզիկներն աննախադեպ արդյունքներ են գրանցել։ Տվյալ  փոփոխություններով ամեն ինչ արվելու է՝ թույլ չտալու մեր մարզիկների որակազրկումը եւ  որպեսզի Հայաստանը չզրկվի նման դրական արդյունքներից»,-նշեց պատգամավորը։

Օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը պայմանավորված է միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի կիրառման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ վերոնշյալ ոլորտին ներկայացվող ժամանակակից պահանջների կատարման հրամայականով:

«Բացի այդ, Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը դիմել է «Հայաստանի հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ին համապատասխան փոփոխություններ նախաձեռնելու խնդրանքով»,-տեղեկացրեց Գաբրիելյանը:

Կառավարությունն աջակցել է այս օրենսդրական նախաձեռնությանը։

Համեմատաբար կարճ քննարկումներից հետո խորհրդարանական մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենսդրական այս նախաձեռնությանը:

Լրահոս