18 Մայիսի, 2024

Ալեքսեյ Օրեշինը, ով նախորդ տարվանից հանդես է գալիս ՀՀ դրոշի ներքո, 2024 թվականի Ironman հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել: Առաջնությունը կանցկացվի Հավայան կղզիներում հոկտեմբերին։

Աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգիրն Օրեշինը նվաճել է ապրիլի վերջին Ironman-ի Աֆրիկյան տարածաշրջանի առաջնությանը իր խմբում առաջատար դիրքեր զբաղեցնելու շնորհիվ: Հայաստանը ներկայացնող մարզիկն այս տարի հանդես կգա նաև դեկտեմբերին Նոր Զելանդիայում կայանալիք Ironman 70.3 (Half Ironman) աշխարհի առաջնությանը։

«Այսպիսի մասշտաբային միջոցառումներում Հայաստանի միակ ներկայացուցիչը լինելը մեծ պատիվ և նշանակալի իրադարձություն է ինձ համար: Մայրիկիս պապը՝ Սարգիս Մանասյանը, 1919 թվականին եղել է Հայաստանի ներքին գործերի նախարարը: Մայրս ասում էր՝ եթե թեկուզ մեկ կաթիլ հայկական արյուն ունես, չես կարող հայ չլինել: Նրա մահից հետո ցանկացա ամրապնդել կապերս Հայաստանի հետ, ստանալ ՀՀ քաղաքացիություն և միջազգային հարթակներում իմ ուժերի ներածին չափով բարձր պահել Հայաստանի անունը: Սա ինձ համար շատ կարևոր է»,- նշել է Օրեշինը, որը ծնվել է Մոսկվայում, իսկ այժմ բնակվում է Սինգապուրում:

Ironman-ը երկար հեռավորությունների եռամարտի շարք է, որի յուրաքանչյուր անհատական մրցավազք բաղկացած է երեք փուլից. դրանք անցկացվում են հետևյալ հաջորդականությամբ՝ առանց ընդհատումների 2,4 մղոն (3,86 կմ) լող, 112 մղոն (180,25 կմ) ճանապարհային հեծանվավազք և 26,2 մղոն (42,195 կմ) մարաթոնային վազք: Ironman-ը համարվում է աշխարհի ամենադժվար մեկօրյա մրցաշարերից մեկը:

 

kotayk

Լրահոս