26 Նոյեմբերի, 2022
Պեմզաշենում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների`12-ամյա դստեր և 8-ամյա որդու ահասարսուռ սպանությունը շարունակում է տանջել գյուղի բնակիչներին։ Ի տարբերություն ողբերգական դեպքի առաջին օրերի, երբ գյուղացիները պատրաստ էին շփվել, կիսվել լրատվամիջոցների հետ, այժմ գյուղում գրեթե բոլորի դռները կողպած են, փողոցներում մարդկանց հազվադեպ կարելի է հանդիպել․ նրանք տարակուսանքի մեջ են՝ ինչո՞ւ սպանեցին այդ հրաշալի, անմեղ արարածներին։ Aravot.am-ը երեկ այցելել է գյուղ և պարզել, որ  ոստիկանական բավական մեծ խմբեր խիստ հսկողություն էին իրականացնում ինչպես դեպքի վայրում, այնպես էլ հանցագործության մեջ կասկածվողների տների դիմաց։

Գյուղացիների փաստելով, 24-ժամյա հսկողություն է, ոստիկանները գրեթե քուն չունեն, երբեմն հերթափոխով գիշերում են ոստիկանական մեքենայի մեջ։ Պեմզաշենցիների կարծիքները սպանության բացահայտման շուրջ հակասական են, կան մարդիկ, որոնք դեռ չեն ուզում հավատալ, որ ոճրագործները կարող էին լինել գյուղից, առավել ևս չեն հավատում, որ գողության համար ողջ ընտանիքը բնաջնջեին։ «Գիտեք, որ սպանության մեջ կասկածվողներից մեկը Վրույրն է, նա սովորական գող է, աչքի տեսածը կարող է թռցնել, ասենք՝ հեռախոս, կոշիկ, բայց որ էսպիսի ծանր հանցանք գործեր, մի տեսակ չենք պատկերացնում։ Իհարկե, չենք ասում, որ նա անմեղ է, ժամանակը ցույց կտա, ուղղակի հեշտ չէ պատկերացնելը, իրենից բան չէր ներկայացնում, որ իր անշուք հալին գնար ու Զարինեին սպաներ։ 

Նա չէր էլ կարող Զարինեի կողքը կանգներ, մի մեծ մարմին էլ չուներ․․․ Եթե անգամ դատարանը հաստատի, որ Վրույրն է այս սպանդի հեղինակը, նա հաստատ միայնակ չէր կարող գործել, նրան պիտի ինչ-որ մեկն ուղղորդեր։ Նա միայնակ էլ չէր կարող մտնել ներս, Զարինեն եթե մի հատ նրան հրեր, վայր կընկներ։ Վրույրն աշխատել չէր սիրում, նրա ընտանիքը մայրն է պահում, լավ քեռիներ ունի, նրանք ևս տիրություն են անում, նրանք էլ բավական ապահովված են, ինչի՞ պիտի գնար գողության, առանց դիմակի էլ ներս մտներ՝ գողություն անելու համար։ Արկադիի դեպքում առավել դժվար է պատկերացնելը», -ասում էին գյուղի մի քանի կանայք՝ պնդելով, որ կատարվածն իրենց համար առեղծված է, շատ հարցեր կան, որոնց պատասխանները չեն ստացել։

Սակայն գյուղում կային մարդիկ, որոնք այլ կարծիք ունեին և  պատմել են, որ կասկածյալ Վրույր Բարսեղյանի հոր հորեղբայրը ժամանակին սպանել է իր երկու կանանց ու հայտնվել դատախազներից մեկի՝ սպանությունների մասին գրված գրքի մեջ։ Նրանք թեև փորձում էին հարգել կասկածյալների անմեղության կանխավարկածը, այդուհանդերձ չէին բացառում, որ տվյալ դեպքում գենետիկան է խոսել 32-ամյա տղամարդու մեջ։ Վրույրի հայրն էլ, գյուղացիների մեկի փաստմամբ, գողության համար ժամանակին դատվել է։

 «Սպանության հետքեր չեն եղել, այնպիսի տպավորություն է, որ Զարինեի ու երեխաների մարմինները լողացրել են, արյունը ժավելով լվացել են, այսինքն՝ պրոֆեսիոնալ գործ են կատարել։ Վրույրն այդքան մտավոր ունակություն չուներ այդ ամենն անելու, նրան հաստատ հրահրող եղել է, այս ամենը իրավապահները կպարզեն։ Արկադիի պարագայում էլ դժվար է ինչ-որ բան ասել, նա Ռուսաստանում է աշխատում, ընտանիքին արձակուրդներին տարել էր իր մոտ, հոյակապ կին ունի։ Վրույրի կինն էլ նորմալ անձ է՝ շատ խելոք, կողքի գյուղերից է։ Երեք երեխա ունի, վերջին երեխան նոր է ծնվել։ Իսկ Վրույրի հորաքույրը, որի մասին ասում են, թե նա է գնացել, սպանության հետքերը լվացել, մի քիչ անհավանական է․ Վրույրի ընտանիքը ու հորաքույրը նույն բակում են ապրում, սակայն տատիկի մահից հետո հորաքրոջ չէին շփվում»,– ասել է պեմզաշենցիներից մեկը։

 

 

Լրահոս