30 Մայիսի, 2024
Այս տարվա մարտի 12 լույս 13-ի գիշերը պարեկային ծառայողները կանգնեցրել էին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի՝ հայտնի 0-ներով համարներով ավտոմեքենան (Mercedes G63), որի ղեկին եղել է հենց ինքը՝ Առուշանյանը։
Նշենք, որ մարտի 12-ին Առուշանյանի ծննդյան օրն էր, և նա գիշերը ժամը 1-ի սահմաններում իր ծննդյան խնջույքից վերադառնալիս է եղել, երբ հանդիպել է պարեկային ծառայողներին։ Պարեկները ստուգել են նրա սթափության աստիճանը և պարզել, որ Առուշանյանը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Արդյունքում մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, իսկ Առուշ Առուշանյանն էլ մեկ տարով զրկվել է մեքենա վարելու իրավունքից։ Առուշանյանն այդ օրերին MediaHub-ի հետ զրույցում ասել էր, որ իր փաստաբանները զբաղվում են այդ հարցով և բողոքարկել են պարեկների որոշումը։

Երեկ մենք Երևանի կենտրոնում նկատեցինք Առուշ Առուշանյանի ավտոմեքենան, որի ղեկին հենց ինքն էր։ Ուստի այսօր հետաքրքրվեցինք նրանից, թե վերականգնվե՞լ է իր վարորդական իրավունքը։ Առուշանյանը նախ ասաց, թե իր համար անլուրջ է երկրի այս վիճակում իր մեքենայի կամ վարորդական իրավունքի թեման նորից արծարծելը, ապա կարճ տեղեկացրեց, որ վարելու իրավունքը դատարանի որոշմամբ վերականգնվել է։

«Փաստաբանները զբաղվել են, հիմնավորել են, որ խնդիր չկա, և ժամանակավորապես վերականգնվել է իմ վարելու իրավունքը, մինչև դատական պրոցեսները կավարտվեն»,-ասաց Առուշանյանը, որին այնուհետև մի քանի հարց ուղղեցինք արդեն երկրի վիճակի մասին։

-Պարո՛ն Առուշանյան, խոսեցիք երկրի վիճակից, հետևո՞ւմ եք երկրում առկա պրոցեսներին, այս օրերի զարգացումներին։

-Կարծիքս չեմ արտահայտում։

-Ինչո՞ւ։

-Էդպես եմ ուզում։

-Իսկ սահմանազատման գործընթացի մասին ի՞նչ կասեք։ Օրինակ՝ կապանցի ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը մեզ հետ զրույցում ասում էր, թե Սյունիքում անհամբեր սպասում են, թե երբ է սահմանազատման գործընթացը հասնելու նաև Սյունիք։ Կա՞ այդպիսի տրամադրություն ձեր կողմերում։

-Ինձ համար Հայաստանի Հանրապետության սահմանը Մեծ Հայքի քարտեզն է՝ 15 նահանգներով և 641 հազար քառակուսի կիլոմետրով։

-Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է՝ 29.743 քկմ-ով պետք է սահմանափակվենք։

-Ասում եմ՝ ինձ համար Հայաստանի Հանրապետության քարտեզը 641 հազար քառակուսի կիլոմետր է, ասեք, թող լիքը դասախոսներ էլ թվերը լավ նայեն, իմանան, որ սերունդներին ճիշտ սովորեցնեն։ Եթե ուզեք, Մեծ Հայքի իրական քարտեզը կտամ Ձեզ, որ տարածեք՝ լիքը մարդ իմանա, թե որն է իրական Հայաստանի Հանրապետության քարտեզը։

-Դպրոցում, իհարկե, անցել էինք Մեծ Հայքի նահանգները, բայց չգիտեի, որ 641 հազար քկմ է տարածքը։

-Չէ, դե, հիմա, դպրոցում, որ անցել եք, ձեզ սովորեցրել են 300 քանի հազար քառակուսի կիլոմետր, որը սխալ է։

-Լավ, իսկ ինչպե՞ս կվերաբերվեք, երբ սահմանազատման գործընթացը տեղափոխվի Սյունիքի մարզ, և, ըստ Ձեզ, դրա արդյունքում մենք ավելի կկորցնե՞նք տարածք, թե՞ կընդլայնենք Սյունիքի տարածքը։

-Ինչքան ես ինֆորմացիա ունեմ, էն հատվածներում, որ առաջ են եկել, պետք է հետ գնան։ Բայց հստակ չգիտեմ, չեմ կարող բան ասել, մինչև աչքովս չտեսնեմ։

-Իսկ Գորիսի հարակից գյուղերի բնակիչներն ինչպե՞ս են վերաբերվում սահմանազատման գործընթացին, սպասո՞ւմ են, որ պրոցեսը հասնի նաև Սյունիք։

-Դե, պիտի գա, որ տեսնենք, օդում ի՞նչ ասեմ հիմա։

kotayk

Լրահոս