5 Հունիսի, 2024

«Ես հենց նոր Հանրային հեռուստաընկերության համար լրացուցիչ ֆինանսական աղբյուր եմ հայտնաբերել»։ ԱԺ-ում Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին դիմելով` ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ առաջարկելով «Շողակաթ» հեռուստաընկերության տրամադրվելիք գումարը փոխանցել Հանրային հեռուստաընկերությանը։

«Չի լինի՞ էդ 206 մլն դրամն էլ տանք Հ1-ին՝ հարստացնի իր մշակութային, կրթական հաղորդումների բազան ու ավելի շատ պրոդուկտ տա և, օրինակ, այդ «Շողակաթի» հարցն ընդհանրապես փակենք։ Օրինակ, ես չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ նայել կամ առնչվել այդ հեռուստաընկերությանը։ Ընդհանրապես՝ վիճակագրություն կա՞, թե քանի հոգի է նայում «Շողակաթ», դրա նպատակահարմարությունը ստուգվե՞լ է։ Մոռանանք, որ դա օրենքով է կարգավորվում, ի դեպ, մենք կարող ենք օրենքը փոխել ու գումարները բյուջեով վերաբաշխենք Հանրայինին։ Շատ բան է ժամանակի ընթացքում փոխվում, ժամանակները փոխվում են, մարդկանց պահանջմունքները փոխվում են»,- ասաց Թորոսյանը։

Արա Շիրինյանը նշեց, որ այդ հարցն իրեն շատ են տալիս, բայց օրենքի պահանջ է, որ պետք է լինի կրթամշակութային ալիք։

«Ցանկացած ընկերություն կարող է դառնալ պարտնյոր, կարող է նաև պետությունն ամբողջ ծախսը վերցնել իր վրա։ Ընդ որում, ամբողջ աշխարհում մշակութային ալիքներն ավելի թանկ են արժենում, քան ունեվերսալ ալիքները։ Հանրայինի բյուջեն 6 մլրդ դրամ է, եթե մենք ունենք լրացուցիչ 6 մլրդ՝ կարող ենք 0-ից ստեղծել, ընդ որում, պետք է նաև շենք կառուցել ու հագեցնել տեխնիկայով, այսինքն, այդ 206 մլն դրամն ընդհանրապես թիվ չի որևէ ալիք պահելու համար։ Եթե անգամ Հ1-ն իր տարածքում տեղ գտնի, լրացուցիչ անձնակազմ՝ ևս մեկ ալիք գործարկելու համար»,- ասաց Շիրինյանը։

Թորոսյանն էլ արձագանքեց, որ միայն ուզում էր հասկանալ այդ օրենքի նպատակահարմարությունը՝ մեր ժամանակներում։

«Ուզում էի հասկանալ` կարող է այլևս պետք չի էդ ալիքը»,-հարցրեց նա։ Ինչին արձագանելով՝ Շիրինյանն ասաց, որ դա եվրոպական չափանիշ է։

kotayk

Լրահոս