16 Մայիսի, 2024

Կառավարության որոշմամբ կստեղծվի «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ: Կենտրոնի հիմնումը հնարավորություն կտա մշակել և կազմակերպել մարզման չափորոշիչներին համապատասխան ուսումնամարզական ծրագրեր: Ընկերությունը կիրականացնի սպորտի զարգացմանը միտված տարբեր ծրագրեր: Ներկայումս Հայաստանում պետական և համայնքային ենթակայությամբ գործում է ընդհանուր թվով 174 մանկապատանեկան մարզադպրոց՝ այդ թվում 4 մարզական ՀԿ՝ իրենց ենթակառուցվածքներով: Սակայն դրանք որպես ՄՀԿ-ների մարզադպրոցներ, ՊՈԱԿ-ներ և ՀՈԱԿ-ներ չեն կարող կառավարվել ընկերության կողմից: Ընկերությունը կհանդիսանա հենց այն միասնական մասնագիտացված կառավարչական կենտրոնը, որը կկառավարի հանրապետությունում կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները: Կստեղծվի կառավարման խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, նախարարի սպորտի ոլորտը համակարգող տեղակալը, մեկական ներկայացուցիչ ֆինանսների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից և մարզաշխարհից: Խորհուրդը կընտրի գործադիր մարմնի ղեկավար և նրան կտա կոմերցիոն գործունեություն ծավալելու քվոտա:

Կստեղծվի 5 հոգանոց կազմով խորհուրդ, որում կընդգրկվեն ԿԳՄՍ նախարարության, ՏԿԵՆ նախարարության, Ֆինանսների նախարարության և մարզաշխարհի ներկայացուցիչ: Խորհուրդը կամրագրի սպորտային ենթակառուցվածքների օգտագործման կանոնակարգը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ Սպորտի կառավարման կենտրոնին կհատկացվի այս պահին երկու մարզահամալիր՝ Երևանի Մանանդյան փ. 41 հասցեում գտնվող «Միկա» մարզահամալիրը, ինչպես նաև Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի Իսահակյան փողոցի 5 հասցեում կառուցված Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզակառույցը: Հետագայում այս կառույցի կառավարմանը կհանձնվեն նաև շինարարության ընթացքում գտնվող մյուս մարզակառույցները: Կենտրոնում նախատեսվում է պետական նշանակության միջոցառումներն իրականացնել անհատույց կամ ինքնարժեքով, ինչը հնարավորություն կտա խնայել պետական միջոցները։ Բացի այդ, նախատեսվում է, որ 2025 թ.-ից կենտրոնը կիրականացնի նաև սպորտային միջոցառումների կենտրոնացված կառավարումը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ տնօրինել պետական գույքն ու միջոցները:

Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և նշել՝ քանի որ սպորտի ոլորտում մեծ ներդրումներ են արվում, այս որոշմամբ հնարավորություն է ստեղծվում, որ ներդրումները կառավարվեն մի կենտրոնից: «Մենք այս ՓԲԸ-ին պետք է հստակ ուղերձ տանք՝ կառավարել սպորտային ենթակառուցվածքը նշանակում է նաև լավ կառավարիչ գտնել։ Ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, մեր աշխատանքային քննարկումներում հնչած մտքին և մտահոգությանը, որ շատ մարզական կառույցների պետք է արտապատվիրակենք մասնավոր ընկերություններին, և նրանց հետ նաև պետություն-մասնավոր գործընկերության սխեմաներ ներդնենք: Սա շատ կարևոր է, հակառակ դեպքում, համոզված եմ, որ մենք կձախողենք գործը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Արձագանքելով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մասնավորի հետ համագործակցության նոր ձևաչափեր պետք է ներդնել. «Մասնավորի կողմից բավականին մեծ հետաքրքրություն կա, մասնավորապես, մարզերում տիպային մարզահամալիրների կառուցման մասով: Մասնավոր ոլորտի մասնագիտացված ընկերություններ պատրաստակամ են նաև համաֆինանսավորման եղանակով մասնակցելու կառուցման բուն գործընթացին և հետո ամբողջությամբ ներգրավվել կառավարման գործընթացում»:

kotayk

Լրահոս