11 Ապրիլի, 2024

Բեռլինի և Ստրասբուրգի հայ համայնքների բաց նամակը ՀՀ վարչապետին.

«Հարգելի պարոն վարչապետ, Բեռլինի և Ստրասբուրգի հայ համայնքները, ծանոթ լինելով Ձեր ժողովրդավարական հայացքներին և նկատելով թատերական արվեստի հանդեպ ունեցած Ձեր բարձր գնահատականը, դիմում են Ձեզ` Գոյ փորձարարական թատրոնի ստեղծագործական գործունեության իրավունքի վերականգնման խնդրանքով։

Հայաստանյան թատերական գունապնակում իր ուրույն դերակատարությունն ունեցող Գոյ թատրոնը հիրավի հաստատել է իր գոյության իրավունքը և կայացել որպես ինքնուրույն միավոր` հավուր պատշաճի իրականացնելով իր առաքելությունը թատերական ոլորտում։

Գերմանաբնակ և ֆրանսաբնակ շատ հայեր Գոյ թատրոնի մշտական հանդիսատեսն են, որոնք ամեն անգամ Հայաստան գալիս հաճույքով այցելում են Գոյ թատրոն: Գոյը` Ակադեմիական թատրոնին կցելու ցանկությունը կարծում ենք նվազ ուսումնասիրված նախագիծ է և չի բխում թատրոնների արդյունավետ կառավարման սկզբունքներից, ստեղծագործական առանձնահատկություններից։

Լիահույս ենք, որ ականջալուր կլինեք մեր խնդրանքին և Գոյ թատրոնին հնարավորություն կընձեռեք հանդես գալու սեփական հարկի տակ` պահպանելով իր ինքնատիպ գեղարվեստական ոճը` ի նպաստ հայրենական ժամանակակից թատերական արվեստի զարգացման։ Մեր խնդրանքն է, որպեսզի վերականգնեք Գոյ թատրոնի՝ ինքնուրույն ստեղծագործելու իրավունքը։

Վստահ ենք, որ Ձեր դրական արձագանքը նոր լիցք ու հավատ կհաղորդի թատերական արվեստի բոլոր ներկայացուցիչներին և մեզ՝ Գոյ թատրոնի սփյուռքի հանդիսատեսին»:

Հարգանքով և բարեկամությամբ`

Բեռլինի Հայ Համայնք,

Բեռլինի Հայ Եկեղեցական Մշակութային Համայնք,

Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիա-ՀԵՄԱ,

Բեռլինի «Գիտելիք» հայկական կիրակնօրյա դպրոց,

Ստրասբուրգի Հայ Համայնք – «Հայորդի» երիտասարդաց միություն:

kotayk

Լրահոս