3 Մայիսի, 2024

Antifake.am-ը գրում է․

1994թ. սկսած յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը (World Press Freedom Day):  Թերևս ավելորդ է խոսել յուրաքանչյուր երկրի ժողովրդավարացման և առհասարակ որպես պետություն կայացման համատեքստում մամուլի դերի մասին: Մամուլի ազատությունը յուրաքանչյուր երկրի ժողովրդավարացման կարևորագույն ցուցիչներից է: Պատահական չէ, որ ամեն տարի տարբեր միջազգային իրավապաշտպան կառույցներ իրենց ուշադրության տակ են պահում աշխարհի երկրներում մամուլի ազատության վերաբերյալ խնդիրները: Հայաստանում Մամուլի ազատության համատեքստում, ինչպես հետխորհրդային բոլոր երկրներում, բոլոր ժամանակներում օբյեկտիվորեն եղել են որոշակի խնդիրներ: Մամուլի ազատության ասպեկտում այսօր էլ բազմաթիվ խորքային խնդիրներ են առկա:  Ընդ որում, այսօր պետք է շեշտել, որ ի տարբերություն այլ շրջափուլերի, 2018թ. սկսած մամուլի դեմ հալածքները, լրագրողների, մեդիադեմքերի նկատմամբ բռնաճնշումներն ուղղակիորեն ունեն սիստեմատիկ բնույթ և ուղղորդվում են քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից:

Բավական է հիշել, թե ինչպես էին թիրախավորվում վարչապետի պաշտոնը զբաղեցնող պատուհասի ասուլիսի ժամանակ սուր հարցեր տվող լրագրողները: Պետք է հիշել, նաև` ինչպես էին ոստիկանության կողմից թիրախավորվում լրագրողները զանգվածային միջոցառումների` ցույցերի կամ հանրահավաքների ժամանակ:

Պետք է նաև հիշել, թե այս տարիների ընթացքում ինչպես են թիրախավորվել տարբեր լրատվամիջոցներ: Վերջին վեց տարվա ընթացքում ԶԼՄ-ների, լրագրողների նկատմամբ շարունակական բռնաճնշումները հանգեցրել են նրան, որ Փաշինյանի կառավարման 6-րդ տարում գործիչներին կալանավորում են նրա համար, որ քաղաքական փոդքասթի ընթացքում սուր քննադատությամբ են հանդես եկել գործող ռեժիմի հասցեին: Խոսքը իհարկե «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորման մասին  է. ակնհայտ քաղաքական դրդապատճառներով կալանավորում, որի միակն նպատակը ընդդիմադիր գործիչներին լռեցնելը և փոդքասթի ընթացքը տորպեդահարելն էր:

Ընդ որում, հարկ է շեշտել, որ Նարեկ Սամսոնյանը հանդիսանում է AntiFake.am կայքի հիմնադիրը: Եվ շատ խորհրդանշական է, որ մամուլի ազատության միջազգային օրը մեր երկրում կալանավորված մեդիայի հիմնադիր և փոդքասթի համահեղինակներ ու վարողներ կան: Շատ կարևոր է ֆիքսել, որ գործող ռեժիմը Սամսոնյանին և Սաղաթելյանին լռեցնելու համատեքստում փորձ է արել այլ ձևաչափերով «վերակենդանացնել» տխրահռչակ ծանր վիրավորանքի հոդվածը, որը հենց այս իշխանության օրոք էր ընդունվել և այս իշխանության ժամանակ էլ` միջազգային հանրության ճնշման ներքո ապաքրեականացվել էր:

«Ժողբաստիոնում» քաղաքական իշխանության կողմից ընդդիմախոսների նկատմամբ իրականացվող բացահայտ քաղաքական տեռորը լիովին պայթեցնում է ժողովրդավարացման վերաբերյալ նրանց քարոզչական թեզերը:

Հայաստանում խոսքի կամ մամուլի ազատության համատեքստում իրավիճակն այն աստիճան տագնապալի է, որ անգամ այս իշխանության քաղաքական պարտնյոր հանդիսացող Արևմուտքի միջազգային իրավապաշտպան կենտրոններն են հանդես գալիս խիստ քննադատությամբ: Պարզ է, որ այլևս անհնար է աչք փակել Հայաստանում իշխանությունը զավթած խմբակի կողմից իրականացվող բռնաճնշումների վրա: Եվ այս առումով պետք է փաստել, որ  Հայատանում չի կարող լինել ազատ մամուլ, քանի դեռ կարող են АntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ, քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կալանավորել փոդքասթի շրջանակներում հնչեցված քննադատության համար:

Այդ մարդիկ բանտում են ոչ մի բանի համար, ընդամենը հնչեցված քննադատական խոսքի համար: Քանի դեռ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կալանավորված են` Հայաստանում չի կարող լինել ազատ մամուլ: Քանի դեռ Հայաստանում շարունակվում են ԶԼՄ-ների, լրագրողների, մեդիադեմքերի նկատմամբ բռնաճշումները, Հայաստանում չի կարող լինել ազատ մամուլ: Եվ վերջապես, քանի դեռ Հայաստանում գործում է կոնսոլիդացված ավտորիտարիզմի գնացող այս վարչախումբը, Հայաստանում չի կարող լինել ազատ մամուլ: «Ազատ մամուլ» հասկացությունը և երկիրը թշնամուն նվիրող և այդ ճանապարհին քաղաքական ընդդիմախոսներին բանտարկող իշխանությունը միմյանց նկատմամբ հակոտնյա են: Ուստի, այս կարևոր և խորհրդանշական օրվա շրջանակներում պետք է շեշտել, որ ՀՀ գիտակից քաղաքացին պետք է ամեն ինչ անի, որ 2025թ. մայիսի 3-ը Հայաստանում իրապես նշվի որպես մամուլի ազատության միջազգային օր` առանց բռնաճնշումների ենթարկվող ԶԼՄ-ների, առանց ազատ խոսքի համար կալանավորված քաղաքական բանտարկյալների և առանց այդ բացասական երևույթները մեր կյանքում ապահովող դավաճանների իշխանության:

kotayk

Լրահոս