27 Նոյեմբերի, 2022

Երկար տարիներ փողոցային առևտրով զբաղվող և օրվա ապրուստն այդկերպ վաստակող քաղաքացիներն ահազանգում են, որ Փաշինյանի իշխանությունը փողոցային առևտրի դեմ պայքարին նոր թափ է տվել, և, որ տուգանքներն ու ապրանքների առգրավումն արդեն միակ պատասխանատվության ենթարկելու ձևը չէ։

Շուրջ 20 տարի Երևանի փողոցներում միրգ վաճառող մի կին, որի անունն իր իսկ խնդրանքով չենք նշում, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում Երևանի քաղաքապետարանի, տեսչական մարմնի և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվող ստուգումները պարտադիր ուղեկցվում են ուժի գործադրմամբ։ Քաղաքացու խոսքով՝ երեկ ժամը 14։00-ի սահմաններում՝ հերթական ստուգայցի ընթացքում, ստուգում իրականացնող աշխատակիցները հարվածել են տարեց մի կնոջ։

«Տարեց մի կին, որը Նար-Դոսի փողոցում խնձոր է վաճառում ու էդ կերպ վաստակում իր օրվա հացի, դեղերի գումարը, երեկ բռնության ենթարկվեց։ Էդ աշխատակիցները ոնց որ դահիճներ լինեն, քացով հարվածեցին արկղերին, վայրենու պես ապրանքները առգրավեցին, նաև խեղճ կնոջը հարվածեցին․․․ Մենք գիտենք, որ էդ մարդիկ Նիկոլի հրամանն են կատարում, քանի որ Նիկոլը մի քանի ամիս առաջ հրամայեց՝ փողոցային առևտուրը կասեցնել, դադարեցնել, բայց մի քիչ կարելի է խիղճ ունենալ, իրենք մայր չունե՞ն, տատիկ չունե՞ն, որ մեկն իրենց մոր հետ էդ ձևով վարվեր, իրենց դուր կգա՞ր։ Ոչինչ, ժամանակը կգա, ու բոլորը պատասխան կտան մարդկանց հետ էս ձև վարվելու համար։ Նիկո՛լ, չե՛ս մարսելու էս ամեն ինչը․․․»։

Փողոցային առևտրով զբաղվող մի տղամարդ էլ ասաց, որ նման ստուգայցերն ավելի հաճախակի են դարձել, ինչի հետևանքներն օրվա ավարտին են տեսնում, երբ դատարկ գրպանով տուն են գնում․

«Գնում նիսյայով ապրանք ենք բերում, որ վաճառենք, կարողանանք ապրել, թոշակառու մարդ եմ, ուրիշ ո՞նց ապրեմ, իրենց տված թոշակը ինձ չի բավականացնում։ Ամեն ինչ այնքան է թանկացել, որ մի հատ մտնում ես խանութ, դուրս գալիս, էդ թոշակից բան չի մնում։ Բայց գալիս հավաքում, ավերում, տանում են, հիմա մի բան էլ պետք է ճարեմ, որ տանեմ էդ ապրանքի փողը տամ։ Սա անելո՞ւ բան է, որ անում են։ Երեկ ամբողջ Նար-Դոսի փողոցը սրբեցին, իրենց բառերն եմ ասում, գալիս հրամայում են՝ սրբե՛ք տարածքը, ու կինոն սկսվում է․․․»։

Հիշեցնենք, որ Կառավարության օգոստոսի 18-ի նիստում գործադիրը հաստատեց Երևանի քաղաքապետարանի մշակած օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ համայնքը կարող է ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնող կամ ծառայություն մատուցող անձանցից առգրավել, ապա դատական կարգով բռնագրավել ծառայություն մատուցելիս վաճառվող ապրանքը։

Նույն օրը անդրադառնալով փողոցային առևտուրը վերացնելու ուղղությամբ իշխանության տարբեր մարմինների գործադրվող քայլերին ուղղված քննադատություններին, թե այդ մարդիկ նման ձևով են տուն պահում, Նիկոլ Փաշինյանն այսպես էր արձագանքել․

«Իսկ ո՞վ է ասել, որ փողոցային առևտրով պետք է ընտանիք պահեք, նախարարն ասում է՝ երկրում բորդյուր շարող չունենք… Այնպես չի, որ երկրում աշխատելու տեղ չկա, փողոցային առևտուրը պետք է դադարեցնե՛լ, կասեցնե՛լ․․․»։

Փաշինյանի այս հայտարարությունը փողոցային առևտրող զբաղվողների դժգոհությունն էր առաջացրել։ Նրանք 168.am-ի հետ զրույցում ասել էին՝ «Շաբաթը մի հատ գյուղ ա տալիս թուրքին, բայց 15 սմ ասֆալտ չի՛ տալիս, որ ապրանք ծախենք»։

168.am-ը փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների հետ հաճախ է զրուցում, հիմնականում տեսախցիկի առաջ։ Վերջին անգամ նախորդ ամիս էր՝ զրուցել էինք Տիգրան Մեծի պողոտայում մրգեր վաճառող քաղաքացիների հետ, որոնց ապրանքը հենց այդ օրն էին առգրավել։ Քաղաքացիներից մեկն այդ օրն ասել էր՝ «30 հոգով եկան ու թափան ապրանքի վրա, վեկալան տարան»։

Քանի որ այսօր շաբաթ է՝ ոչ աշխատանքային օր, 168.am-ն ահազանգի վերաբերյալ երկուշաբթի օրը կապ կհաստատի նշված գերատեսչությունների հետ։

Լրահոս