21 Մայիսի, 2024

2024 թվականի մայիսի սկզբին ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանը N 01/23/2255-2024 գրությամբ դիմել է ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին, որում մասնավորապես ասվում է.

«Հարգելի տիկին/պարոն. Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի կողմից 2023 թ. հունվարի 11-ին և 16-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում անցկացված խորհրդակցության արդյունքում կազմված N Վ/06-2023 արձանագրության 4-րդ կետի 3-րդ մասը` «…ուսումնական հաստատություններում հաշվապահական հաշվառման գործընթացն արտապատվիրակելու հարցը…»` ներկայացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցների` հանրային հատվածի կազմակերպությունների համար հաշվապահական հաշվառման և գնումների համակարգման ծառայությունների գնման հայտի օրինակելի ձևը, և նշված ծառայությունների գնման գործընթացը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կենտրոնացված կարգով իրականացնելու համար խնդրում ենք 10-օրյա ժամկետում ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել կազմակերպությունների` գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված գնման հայտերը:

Կից ներկայացվում է նաև յուրաքանչյուր կազմակերպության հաշվապահական հաշվառման և գնումների համակարգման ծառայությունների գնման նախահաշվային տարեկան գումարի չափերը` հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022թ. դեկտեմբերի 7-ի N 79-Ն հրամանը:
Առդիր` 2 փաթեթ:

Հարգանքով` Ժաննա Անդրեասյան»։

Այսինքն` Նիկոլ Փաշինյանն ու Ժաննա Անդրեասյանը միասին որոշել են բոլոր դպրոցների հաշվապահներին ազատել աշխատանքից։ Նախարարությունում որդեգրել են հաշվապահական հաշվառման գործընթացի կենտրոնացման և արտապատվիրակման քաղաքականություն։

Այլ կերպ ասած մոտ 1400 հաշվապահ կդառնա գործազուրկ։

Այնուհետև երբ մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, ԿԳՄՍ նախարարությունից ներքին բանավոր կարգադրություն իջեցվեց` առ այն իբրև թե հիշյալ գործընթացը կասեցվում է։ Կարծում եմ ԿԳՄՍ նախարարությունը գործընթացը սառեցրեց, քանի որ այդ օրերին մտավախություն կար առ այն, որ ՀՀ-ում գործող բոլոր 1400 հանրակրթական ուսումնական հաստատությունների հաշվապահները կսկսեին բողոքի ակցիաներ` իրենց աշխատանքը չկորցնելու իրավունքը պաշտպանելու համար։

Այս ողջ ժամանակահատվածում ես բազմաթիվ նամակներ եմ ստանում` ԿԳՄՍ, մարզային և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունների հաշվապահներից, վերջիններս մտահոգված են, որ առաջիկա ամիսներին կկորցնեն իրենց աշխատանքը և կդառնան գործազուրկ։

Հիշյալ խնդրի վերաբերյալ ես 2024 թվականի մայիսի 7-ին պաշտոնական գրությամբ, ԿԳՄՍ նախարարությունից պարզաբանում եմ պահանջել և պաշտոնական գրությամբ (N 02/09.1/14853-2024) պատասխան եմ ստացել, որում մասնավորապես ասվում է.

«Ի պատասխան 2024 թ. մայիսի 7-ի Ձեր գրության

Հարգելի՛ Վանո Կարապետյան

Հայտնում եմ, որ «Հանրակրթության մասին» օրենքում նախատեսվել է փոփոխություն, համաձայն որի՝ բարձրագույն կրթություն ունեցող և ֆինանսատնտեսական գործունեության ոլորտում վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ ունեցող մասնագետները հնարավորություն կունենան դիմելու՝ հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի թափուր տեղը համալրելու համար: Հարկ է նշել, որ առաջարկվող փոփոխությունը դեռևս նախագծային փուլում է, որը սահմանված կարգով փորձաքննվելուց և հաստատվելուց հետո կհրապարակվի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում:

Հարգանքով` Արաքսիա Սվաջյան»։

Նախ և առաջ ուզում եմ արձանագրել, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ինձ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, ըստ որի արդարացված և անհրաժեշտ է ՀՀ բոլոր դպրոցների հաշվապահներին կրճատելու մասին որոշումը։
Մենակ փոխնախարարն ասում է, որ կրճատումից հետո որոշ հաշվապահներ` եթե կունենան համապատասխան չափի աշխատանքային ստաժ, կարող են դիմել հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի թափուր տեղերը համալրելու համար։

Ես նաև 2024թ. մայիսի 16-ին հեռախոսազրույց եմ ունեցել ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետի հետ, վերջինս ինձ տեղեկացրեց, որ այս պահին աշխատում են հիշյալ նախագծի վրա և նախարարությունը հետ քայլ չի անելու։ Այսինքն` ուշ թե շուտ մեկ է բոլոր դպրոցների հաշվապահներին նախարարությունը համապատասխան իրավանորմեր սահմանելով ազատելու է աշխատանքից։

Նախարարությունում հստակ ասում են, որ որոշումը կայացրել են Նիկոլ Փաշինյանը և Ժաննա Անդրեասյանը` համատեղ քննարկման արդյունքում։ Ես այս ընթացքում զրուցել եմ նաև մի շարք դպրոցների տնօրենների հետ, վերջիններս ասում են, որ հաշվապահների հաստիքները խիստ անհրաժեշտ են դպրոցներին և անգամ պետական միջոցների խնայման տեսակետից առավել ձեռնտու է դպրոցում հաշվապահ ունենալը` հաշվապահական ծառայությունները արտապատվիրակելու փոխարեն։

ԱՄՓՈՓՈՒՄ. Հանրակրթական դպրոցների հարգելի՛ հաշվապահներ, եթե չեք ուզում հաշված ամիսներ հետո դառնալ գործազուրկ` պայքարեք հիմա, վիժեցրեք Նիկոլ Փաշինյանի և Ժաննա Անդրեասյանի նախագիծը` Ձեզ աշխատանքից ազատելու վերաբերյալ։ Հիշե՛ք վաղը ուշ կլինի…

Վանո Կարապետյան 
Պատմաբան, կրթության փորձագետ 

kotayk

Լրահոս