3 Մայիսի, 2024
Մոսկվան սպասում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների կապակցությամբ ռուս խորհրդարանականների ուղարկած հարցման պատասխանին՝ Երևանից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին Ռուսաստանին մեղադրել էր Ուկրաինա «ներխուժելու» մեջ ու հայտարարել, թե Հայաստանը «պաշտպանում է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի տարածքային ամբողջականությունը»։

«Հուսով եմ՝ նրանք, ովքեր նման հայտարարություններ են անում, խիզախություն ու բավականաչափ ուժ կունենան պատասխանել ռուս խորհրդարանականների հարցմանը, որն ուղարկվել է ընթացիկ տարվա ապրիլի 24-ին։  Երբ մենք նման պատասխան ստանանք, անպայման ուշադիր կուսումնասիրենք այն։ Առաջին հերթին ռուս խորհրդարանականներն այն կուսումնասիրեն և անհրաժեշտության դեպքում հրապարակային կարձագանքեն, այդ իսկ պատճառով ուժ ենք մաղթում՝ պատասխանը պատրաստելու համար» ,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նշենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն  հանձնարարել էր հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված՝ ընդգծելով, որ նրա կողմից հնչեցված այդ կարգի ռուսաֆոբ հայտարարությունները չպետք է անպատասխան մնան։ Մատվիենկոն հայտարարել էր, որ ինքն ամաչում է Սիմոնյանի փոխարեն և որ Սիմոնյանը հատել է բոլոր կարմիր գծերը։

kotayk

Լրահոս