Այսօր Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում պետք է հարցաքննվեին Սամվել Բաբայանը, Արգիշտի Քյարամյանը եւ Գարեգին Չուքասզյանը: Սակայն որեւէ մեկը չէր ներկայացել դատարան: Գառնիկ Իսագուլյանը լրագրողներին ասաց. «Ես իմ որեւէ ասածից չեմ հրաժարվում, ցավոք սրտի, այն հնարավորությունը չեն տալիս, որ ամբողջությամբ կարողանաս բացահայտել: Ամբողջ խնդիրն այն է, որ 100-ից ավելի հարցեր կային նախապատրաստված պարոն Քյարամյանին տալու, որոնց արդյունքում կբացահայտվեին այն ամբողջ կեղծիքները, որն իրենք արել էին ու այսօր վախենում են ըստ էության: Եթե Քյարամյանին թվում էր՝ մինչեւ հիմա 100 հարց էր, հաստատ մինչեւ նոյեմբերի 7-ը՝ հաջորդ դատական նիստը, այդ հարցերի թիվը կանցնի 300-ը, որովհետեւ օր օրի նոր բաներ են բացահայտվում, որոնց պատասխանները Քյարամյանը պետք է հնչեցնի եւ դրանից հետո կպարզվի՝ իմ փոխարեն ով պետք է նստած լիներ՝ որպես մեղադրյալ»:
Իսագուլյանն ասաց, որ անհեթեթ է, երբ դատավորը թույլ չի տալիս հեռարձակել իր դատական նիստերը, վկաների հարցաքննությունը, որովհետեւ, երբ 2 նախագահ էին դատում՝ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, ուղիղ եթերով ցուցադրվում էր անգամ. «Իսկ իմ պարագայում, որտեղ պիտի անպայման հարցաքննվի Քյարամյանը, Նիկոլ Փաշինյանը, Մակունցը, Վլադիմիր Կարապետյանը, հանկարծ ստացվում է, որ ԶԼՄ-ները մասնակցելու իրավունք չունեն: Դատավորի վրա մեծ ճնշում կա: Դատարանը շատ լավ հասկանում է, որ սա քաղաքական պատվեր է ինձ մեկուսացնելու, բայց չի ստացվելու դա: Երեկ, երեւի բոլորդ հետեւից Երեւան քաղաքի ավագանու ընտրությանը, իշխանությունը սարսափելի պարտություն կրեց, ես վստահ եմ, որ նաեւ դա է պատճառը, ամեն մեկը ինչ-որ տեղ է ման գալիս, որ հայտնվի այդ տեղում, վախեցած են»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/09/18/1369792/?fbclid=IwAR25trHshdEiVttO7-5O_gxtVpECGgAevQJAbp398qT11d6DrLmJVAuVtMc_aem_ARa74-jVR2dKuLk4wn5CCXHGX1joIyy6Ou52b1ImI4rUxbEUJPsmn3DpKgxrceCBcfo