5 Ապրիլի, 2024
«Գոյ» թատրոնի կառավարման խորհուրդն ու դերասանական անձնակազմը Նիկոլ Փաշինյանին են դիմել՝ «Գոյը» որպես մասնավոր թատրոն պահելու առաջարկով։ Այս համատեքստում նաեւ ստորագրահավաք է արվել մշակութային գործիչների կողմից, որին մասնակցել է նաեւ մաեստրո Տիգրան Մանսուրյանը։

Սակայն այսօր պարոն Մանսուրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել է, որ չի հասկացել, թե ինչ թղթի տակ է ստորագրում, եւ խնդրում է՝ ստորագրությունը հետ կանչված համարել։ «Ես չեմ իմացել, թե այդ ինչ թղթի տակ եմ ստորագրում։ Զանգեր էի ստանում մի երիտասարդից՝ հանդիպման խնդրանքով։ Առիթը եղավ, եւ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, համերգից հետո, երբ իմ շուրջը լեցուն մարդիկ կային, ինձ մոտեցավ դերասան Սամվել Թոփալյանը, ասաց՝ «Գոյ» թատրոնի դերասան է։ Ուրախ ու լուսավոր գծերով ներկայացրեց իր խնդրանքը։ Ես տեսա, որ առանձնապես պահանջածը բան չէ։ Ներկայացրեց մի քանի էջանոց հագեցած գրություն, որը ես չուզեցի կարդալ։ Վստահելով երիտասարդին՝ ստորագրեցի։ Հետո պարզվեց, որ այդ ամենի մեջ բազմաթիվ իրավական, կազմակերպչական եւ այլ հարցեր ու խնդիրներ կան, որոնցից ոչ միայն տեղյակ չեմ եղել, այլ չեմ էլ հասկանում։ Անկեղծ ասած՝ չեմ էլ ուզում խառնվել այդ ամենին։ Խնդրանքս է՝ պահի ազդեցության տակ արված ստորագրությունս չշահարկել, կամ համարել հետ կանչված»,-ասել էր նա։

«Հրապարակ»-ը կապվել է դերասան Սամվել Թոփալյանի հետ, ով ստորագրահավաքի թուղթը ներկայացրել էր Մանսուրյանին` ստորագրելու եւ հետաքրքրվել է այդ «ստորագրության պատմությամբ»: Թոփալյանը նել է, որ ինքը շատ հստակ ասել է, թե ինչի համար է այդ ստորագրությունը։

«Ես զանգել եմ պարոն Մանսուրյանին, ասել, որ խնդրանքս «Գոյ» թատրոնի հետ է կապված, ուզում ենք նամակ գրել վարչապետին՝ «Գոյ» թատրոնի տարածքում արդեն որպես մասնավոր թատրոն մնալու եւ աշխատելու խնդրանքով, այսինքն՝ պետությունից չֆինանսավորվենք։ Տիգրան Մանսուրյանն ասել է՝ խնդիր չէ, ես կստորագրեմ։ Չգիտեմ, թե ինչպես են պարոն Մանսուրյանին ներկայացրել թղթի բովանդակությունը։ Ես կզրուցեմ իր հետ»,-ասել է Թոփալյանը։

 

kotayk

Լրահոս