8 Հուլիսի, 2024

«Հետք»․ «Գազ օիլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող եւ Երեւան-Սեւան մայրուղու վրա գտնվող լցակայանը, որտեղ պայթյուն տեղի ունեցավ հունիսի 6-ի գիշերը, միջադեպից առաջ՝ ամիսներ շարունակ, տեխնիկական անվտանգության լուրջ խնդիրներ է ունեցել:

Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը «Հետքին» հայտնել է, որ առաջին անգամ իր ղեկավարած կառույցն այս լցակայանում ստուգում է իրականացրել 2023 թ. մարտի 2-ին:

Հիշեցնենք, որ «Գազ օիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021 թ. դեկտեմբերին: Ընկերությունը, ինչպես տեղեկանում ենք դրա ֆեյսբուքյան էջից, մի քանի լցակայաններ ունի Երեւանում եւ մարզերում:

Այսպիսով՝ 2023-ի մարտին Երեւան-Սեւան մայրուղու Արզնու տրանսպորտային հանգույցի հարեւանությամբ գտնվող լցակայանում (հասցեն՝ գյուղ Արզնի, Երեւան-Սեւան մայրուղի 6/1) հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Նկատենք, որ սա գազա-բենզալցակայան է, որտեղ վաճառվում էր հեղուկ գազ եւ բենզին:

Գազալցակայաններն ու բենզալցակայանները համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ (ԱՎՕ), որոնք ենթակա են տեխնիկական անվտանգության փորձաքննության, առանց որի դրական եզրակացության չի թույլատրվում դրանց շահագործումը: Սակայն տեսչական մարմնին 2023-ի մարտին չեն ներկայացվել «Գազ օիլ» ՍՊԸ-ի նշված գազալցակայանի ու բենզալցակայանի փորձաքննության դրական եզրակացությունները, ինչի հիման վրա էլ դրանց գործունեությունը կասեցվել էր, իսկ ընկերությունը տուգանվել էր 2 մլն դրամով:

2023-ի ապրիլին ՍՊԸ-ն տեսչական մարմնին է ներկայացրել փորձաքննության դրական եզրակացություն գազալցակայանի մասով, իսկ բենզալցակայանի մասով վերահսկող մարմինը որեւէ փաստաթուղթ չի ստացել: Այսինքն՝ 2023-ի ապրիլից գազալցակայանն ուներ շահագործվելու իրավունք մեկ տարի ժամկետով (քանի դեռ դրական եզրակացությունն ուժի մեջ էր):

2023-ի հոկտեմբերին տեսչական մարմինը կրկին վերահսկողություն է իրականացրել «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազա-բենզալցակայանում: Պարզվել է, որ գարնանը հայտնաբերված 7 խախտումներից 5-ը վերացվել են, իսկ մնացած 2-ի վերացման համար վերահսկողն ընկերությանը տվել է 1 ամիս ժամկետ: Դեկտեմբերին տեսչական մարմինը հերթական անգամ այցելել է գազա-բենզալցակայան ու պարզել, որ վերացվել է մնացած երկու խախտումներից միայն մեկը:

kotayk

Լրահոս