18 Ապրիլի, 2024

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը հայտնում է, որ Պետրոս Ղազարյանի հրավերը Մայր Աթոռի կողմից ընդունվել է և «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդմանը բարձրաստիճան եկեղեցականներից մեկը պատրաստ է ներկայացնել Եկեղեցու տեսակետները․

«Ի գիտություն Պետրոս Ղազարյանին,

Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի պատասխան ինձ հրավիրել է իր հաղորդմանը հյուր: Որոշ թյուրընկալումներ բացառելու համար ցանկանում եմ վերստին շեշտել, որ Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է ոչ թե անձամբ ինձ, այլ առհասարակ եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցելու խնդրի շուրջ հեռուստահաղորդումներին:

Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները, և այս առումով Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է, և վաղը «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդմանը բարձրաստիճան եկեղեցականներից մեկը պատրաստ է ներկայացնել Եկեղեցու տեսակետները:

Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:

Մայր Աթոռը դեմ չի լինի անգամ, եթե հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով»,-գրել է Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների ղեկավար-պրոդյուսեր Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանին հրավիրել էր հարցազրույցի։

kotayk

Լրահոս