«Որոշումը սպասելի էր։ Ինձ համար ավելի սպասելի էր Ալբերտ Առստամյանի գործով հանրային մեղադրողի կողմից հանրային մեղադրանքից հրաժարվելու ինստիտուտի կիրառումը։ Սակայն չկիրառվեց»,- դատական նիստից հետո լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 72-ամյա Ալբերտ Առստամյանի պաշտպան Ռոման Երիցյանը։
«Ես սպասում էի, որ հանրային մեղադրողը մինչև վերջին դատական նիստը կհրաժարվի առաջադրած մեղադրանքից։
Հանրային մեղադրողը չհրաժարվեց այդ մեղադրանքից և դատավոր Արման Հովհաննիսյանը կայացրեց շատ արդար դատական ակտ՝ արդարացնելով Ալբերտ Առստամյանին»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ լրացուցիչ դատալսումներով քննարկվելու են Առստամյանին արդարացնելուց հետո հետագա անելիքները։
Ռ.Երիցյանը վստահ է, որ դատախազությունը կբողոքարկի. «Եթե դատախազությունը բողոքարկող չլիներ, առհասարակ դատարանում կհրաժարվեր այս աբսուրդի հասնող մեղադրանքից։ Ինչպես երևաց հանրային մեղադրողի հայտարարություններից, ելույթներից, ակնհատ է, որ դատախազությունը կբողոքարկի։ Հույս ունեմ վերաքննիչ դատարանը ևս հավատարիմ կմնա սահմանադրությամբ իրեն վերապահված առաքելությանը, կմերժեն դատախազի բողոքը, վերստին կարձանագրի Առստամյանի արդար լինելը իրեն մեղասագրված արարքում»։
Հիշեցնենք, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, արդարացրեց Նիկոլ Փաշինյանի աուղղությամբ խնձոր նետած 72-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանին։
Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է խուլիգանություն, այն է’ հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ առհամարական վերաբերմունք է ցուցաբերել, որը դրսևորվել է հայոյանքներով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով:
Մասնավորապես, Առստամյանը մեղադրվում էր 2024 թվականի օգոստոսի 23-ին, Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար։