Նա տեղեկացրել է՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը մեկնարկել է 2021 թվականից, որն առաջին տարում իրականացվել է փորձնական կարգով և հասանելի է եղել կոնկրետ առարկաների և կոնկրետ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար: 2023 թվականից կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն են ունեցել բոլոր ուսուցիչները: Ժաննա Անդրեասյանը նշել է՝ 2024 թվականին էլեկտրոնային եղանակով իրականացված ատեստավորման ընթացքում լուրջ տեխնիկական խնդիրներ չեն առաջացել․ քննական որոշ կենտրոններում առաջացած համացանցի հասանելիության և տեխնիկական բնույթի այլ խնդիրներն անմիջապես կարգավորվել են:
«Այժմ նաև շրջանառվում է կամավոր ատեստավորման կարգի փոփոխության նախագիծը, որով լրամշակվում են որոշակի ընթացակարգեր՝ գործընթացի առավել արդյունավետ իրականացման նպատակով»:
Անդրադառնալով կամավոր ատեստավորման արդյունքներին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ ուսուցչական համակազմի 20%-ը կամավոր ատեստավորման արդյունքներով բարձրացված վարձատրություն է ստանում:
«Վարձատրության բարձրացման արդյունքում ունենք ուսուցիչներ, որոնք մինչև 595 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Ընդհանուր առմամբ՝ վարձատրության համակարգն էապես բարելավվել է: Այս տարի, կարծում եմ, կունենանք շատ ավելի մեծ մասնակցություն: Վստահ եմ՝ մեր բոլոր ուսուցիչները կկարողանան դառնալ այս համակարգի շահառու»,- եզրափակել է նախարարը: