10 Հոկտեմբերի, 2022

ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորներից «Վիվա-ՄՏՍ»-ը հանվել է վաճառքի և արդեն ավելի քան հինգ ամիս է՝ կողմերը ընկերության առքուվաճառքի գործարքն են փորձում վերջնականացնել՝ չնայած առաջ եկած բարդություններին։ «Վիվա ՄՏՍ»-ի բաժնետերը Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունն է։ Նախկինում այս ընկերությունում 20 տոկոս բաժնեմաս ունեին լիբանանցի Պիեռ և Մուսա Ֆատուշ եղբայրները, մյուս 80 տոկոսը պատկանում էր ռուս միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովին՝ Լյուքսեմբուրգում գրանցված Allegrato Holding SARL ընկերության միջոցով։ ՍիվիլՆեթը 2020-ին գրել էր, որ Ֆատուշները իրենց 20 տոկոսը ևս վաճառել են Եվտուշենկովին։

Ani Product

Ըստ «ՄՏՍ-Հայաստան» ՓԲԸ-ի իրական սեփականատերերի հայտարարագրի՝ ընկերության ավելի քան 42 տոկոսի բաժնետերը ռուսական «Սիստեմա» ֆինանսական կորպորացիան է, որի հիմնադիր սեփականատերը Եվտուշենկովն է։ Ըստ Forbes-ի՝ Եվտուշենկովի ունեցվածքը գնահատվում է 1,7 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 3,4 մլրդ-ի փոխարեն։

Ani Product

Հայաստանյան «Վիվա-ՄՏՍ»-ը հավանական երկու գնորդ ունի. դրանցից մեկը աշխարհահռչակ բուքմեյքերական ընկերություն 1Xbet-ի սեփականատերերն են՝ Ռոման Սեմյոխինը, Դմիտրի Կազորինը և Սերգեյ Կարշկովը։

1xbet-ը աշխարհի ամենահայտնի բուքմեյքերական ընկերություններից է, որը հիմնվել է 12 տարի առաջ։ Ընկերությունը ընդունում է խաղադրույքներ, կազմակերպում լայվ կազինո խաղեր։ 1xbet-ը ներկայացված է Եվրոպայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, ունի ավելի քան 5000 աշխատակից։ 1xbet-ը հովանավոր է մի շարք ֆուտբոլային գրանդ ակումբների, ինչպիսիք են «Բարսելոն»-ը, «Պարիս Սեն Ժերմենը, «Չելսին», «Լիվերպուլ»-ը և այլ թիմեր։

Հունվարին «Հայբիզնեսբանկ»-ը վաճառվեց Շվեյցարիայում գրանցված «Էմ Էֆ Էմ գլոբալ ինվեստ» ընկերությանը։ Շվեյցարական ընկերությունը ներկայացնում էր Ալֆրեդ Մոէկլին, սակայն մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Հայբիզնեսբանկ»-ի վերջնական ու իրական սեփականատերերը 1xbet-ի սեփականատերերն են՝ Սեմյոխինը, Կազորինը և Կարշկովը։ Շվեյցարական ընկերությունների ռեգիստրում վերջնական սեփականատերերի մասին տեղեկություն առկա չէ։

Ինչ վերաբերում է «ՄՏՍ-Հայաստան»-ի վաճառքին այս անձանց, այն դեռ չի հաջողվել վերջնականացնել։

Հեռահաղորդակցության օպերատորի բաժնետոմսերի ձեռքբերմամբ հետաքրքրված է նաև ռուսական պետական «Գազպրոմ» ընկերությունը։ Գործարքը կարող է կատարվել միջանկյալ ընկերությունների միջոցով․ «ՄՏՍ-Հայաստան»-ի ձեռքբերման գործընթացում «Գազպրոմ»-ը, հնարավոր է, ուղիղ ընդգրկված չլինի, նրա փոխարեն հանդես գա այլ միջանկյալ ընկերություն։ «Գազպրոմ»-ի հետ համագործակցությամբ «ՄՏՍ-Հայաստան»-ի ձեռքբերման հեռանկարով հետաքրքրված են նաև Հայկ և Ալեքսանդր Եսայանները։

Եսայաններ եղբայրները «Յուքոմ»-ի փոքրամասնական բաժնետեր էին ու կառավարիչ մինչև 2020-ի ապրիլը, ապա առանձնանալով «Յուքոմ»-ից ու միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավելով վարկեր՝ ձեռք բերեցին «Բիլայն»-ն ու հիմնեցին «Թիմ տելեկոմ»-ը։ «Գազպրոմ»-ը «ՄՏՍ-Հայաստան»-ը ձեռք բերելու շուրջ վերջնական պայմանավորվածություն դեռ չունի։

Ռուսաստանում «ՄՏՍ»-ն ու «Գազպրոմ»-ն ունեն համագործակցության փորձ. այս տարվա փետրվարին «Գազպրոմ մեդիա հոլդինգ»-ի հետ MTS-ը կնքել էր ռազմավարական համագործակցության համաձայնագիր։ Դրա շրջանակում ռուսական հայտնի «Матч Премьер» հեռուստաալիքին ՄՏՍ-ի բաժանորդների հասանելիությունը կազմակերպվեց հատուկ պայմաններով ու արժեքով։ Մինչ այդ էլ երկու ընկերությունները համագործակցություն էին սկսել մի ստարտափի շրջանակում։

Սիվիլնեթի տեղեկություններով`«ՄՏՍ-Հայաստան»-ի մյուս հավանական գնորդը եղել է ամերիկյան Golden State Bank-ը կամ բանկի հետ փոխկապակցված այլ ընկերություն։ Golden State-ը հիմնադրվել է 2003-ին: Այն գործում է միայն Կալիֆոռնիայում, ունի երկու մասնաճյուղ։ Բանկի փոխտնօրենը Արևմտյան Ամերիկայի Համահայկական խորհրդի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանն է։ Բանկի տնօրենների խորհրդի ղեկավարն ու բանկի գործադիր տնօրենը Ռոբերտ Սեդրակյանն է, խորհրդում ընդգրկված են նաև Արտակ Դալդումյանը, Շահե Ագոպյանը, Վարուժան Քեոսեյանը, Նիկոլաս Նաջարյանը, Թոնի Ղարիբյանը։ 2015-ի դրությամբ՝ բանկն ուներ 125 միլիոն դոլարի ակտիվներ։ Golden State-ի՝ «ՄՏՍ-Հայաստան»-ի գնման գործընթացը կանգ է առել, քանի որ կողմերը չեն կարողացել գործարքի գնի շուրջ համաձայնության գալ։ Մեր տեղեկություններով՝ «ՄՏՍ-Հայաստան»-ի վաճառքի գինը գնահատվում է ավելի քան 150 մլն դոլար։

«ՄՏՍ-Հայաստան»-ի հետ կապված, սակայն, գործընթացները դեռ չեն հասել գործարքի թույլտվություն տրամադրող պետական գերատեսչություններ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և Մրցակցության պաշտպանության հանձնաժողով։ Գործարքի վերաբերյալ դիրքորոշում պիտի հայտնեն նաև ԱԱԾ-ն և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Օգոստոսին Սիվիլնեթը գրավոր հարցմամբ խնդրել էր «ՄՏՍ-Հայաստան»-ին մեկնաբանել ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի մասին տեղեկությունները։ Պատասխանել էին, որ հարցի պատասխանը առևտրային գաղտնիք է, ու համապատասխան տեղեկությունների տրամադրումը հնարավոր չէ։ Այս տարվա հունիսին 18 տարվա պաշտոնավարումից հետո հրաժարական տվեց «ՄՏՍ Հայաստան»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Նրան փոխարինեց Արմեն Ավետիսյանը։

Հայաստանյան ՄՏՍ-ի վաճառքը կարող է կապ ունենալ նաև Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինա ներխուժմանը հետևած տնտեսական պատժամիջոցների ու դրանում ընկերության ներգրավվածության հետ։ Եվտուշենկովը հայտնվել է Մեծ Բրիտանիայի ու Ավստրալիայի պատժամիջոցների տակ։ Բացի այդ, ռուսական ՄՏՍ-ը հեռացվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայի ցուցակից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս