Ինֆեկցիոն կենտրոնում կադրային ջարդն ու արտահոսքն ունեցել է ուղիղ միջամտություն.
Կադրային ճգնաժամը, ինչի մասին ահազանգում է ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գոնե առողջապահության ոլորտում այն արհեստականորեն առաջանում է ի շնորհիվ նախարար Անահիտ Ավանեսյանի և նրա առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գործունեության:
Մամուլը գրել էր, որ վերջին տարիներին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում վեց տնօրեն է փոխվել։
Այո, Ինֆեկցիոն կենտրոնից լուռ հեռացել են 5 տնօրեններ, նաև անվանի մասնագետներ, այդ թվում՝ պրոֆեսիոնալ վարակաբաններ Նաիրա Ստեփանյանն ու Նարինա Սարգսյանցը, որոնք Covid19-ի համավարակի շրջանում հիվանդանոցի փոխտնօրեններն էին, և ողջ բուժական գործը պայմանավորված էր հենց նրանց պրոֆեսիոնալիզմով։
Covid19-ի համավարակի շրջանի ակտիվ բժիշկներից էր նաև Սպարտակ Պետրոսյանը, ով ևս հեռացավ համակարգից։ Մասնագիտությամբ ռեանիմատոլոգ Սպարտակ Պետրոսյանն այդ ծանրագույն շրջանում հիվանդանոցի վերակենդանացման բաժնի վարիչն է եղել՝ գերբարդ ու գերծանր պատասխանատվությամբ։
Հավանաբար չդիմանալով ստեղծված պայմաններին՝ վերջին 3 ամսվա ընթացքում հերթով ազատման դիմումներ են գրել տնօրենի ժ/պ Սպարտակ Պետրոսյանն ու վերջինիս՝ ամիսներ առաջ փոխարինած Կարեն Հակոբյանը։