23 Մարտի, 2023

«Սուրմալու» առևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են անում և պահանջում, որ առևտրի կենտրոնը բացվի: Նրանք պնդում են, որ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը չգիտես ինչու կրկին ստուգումներ չի անում։

Ակցիայի մասնակիցներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ տեսչական մարմինը ոչինչ չի անում, խաբում է մարդկանց:

«Մեր տնօրինությունն ասում է` բոլոր խնդիրները լուծել ենք, ինչ հայտնաբերել էր տեսչական մարմինը։ Երեքշաբթի օրվանից պետք է գային ու ստուգեին, որ մենք էլ գործի անցնեինք։ Այսօր առավոտյան ասել էին` պետք է գային ու ստուգումներ անեին, սակայն չեն գալիս։ Մենք մեր խանութներում ինչ պետք է, արել ենք: Տեսչական մարմինը պետք է գա, հլը մի բան էլ հրամայելով ասի՝ տես, էս մի բանը չեք արել, սա էլ արեք, որ բացենք, բայց ոչ մի բան չեն ասում: Ամեն առավոտ գալիս ենք գործի այն հույսով, որ պետք է աշխատենք, բայց չենք աշխատում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ տեսչական մարմինը հայտարարել է, որ 51 խախտում դեռևս վերացված չէ, առևտրի կենտրոնի աշխատակիցներից մեկն ասաց. «Թող տեսչական մարմնի անդամներով գան էստեղ, մեզ ասեն՝ էս-էս խնդիրները կան: Իրենք էնտեղ նստած ի՞նչ են իմանում: Մեր տնօրինությունն ասում է, որ երեքշաբթի օրվանից ոչ ոք այստեղ չի եկել»:

Մեկ ուրիշն էլ հավելեց. «Արդեն 9 օր է, ինչ փակ է շուկան։ Ամեն մեկս էլ ընտանիք ենք պահում, էսպես ո՞նց կլինի։ Տեսչական մարմնի չաշխատելու հետևանքով է, որ մենք էլ չենք աշխատում: Թող Ավինյանն էլ տեսնի այս ամենը, էստեղ սաղ իր ընտրողներն են 5 հազար հոգի»:

kotayk

Լրահոս