2 Դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 9-ին տեղին կունենա Հայաստանի համար ներքաղաքական ամենակարևոր իրադարձությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որին կմասնակցի 11 ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք:

 Mnews.am-ի զրուցակիցն է թիվ 4 ընտրատարածքի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից առաջադրված  պատգամավորության  թեկնածու  Ստեփան Ստեփանյանը։

-Պարո՛ն Ստեփանյան , Դեկտեմբերի 9-ին կկայանա Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը  առաջադրել է Ձեր թեկնածությունը, հետաքրքիր է` ինչո՞ւ որոշեցիք մասնակցել այս ընտրություններին և առաջադրվել հատկապես «Լուսավոր Հայաստան» ցուցակով:

– Ես ընտրել եմ «Լուսավոր Հայաստան»  կուսակցությունը, քանի որ կուսակցության գաղափարախոսությունն ու առաջիկա տարիների տեսլականն ինձ շատ հոգեհարազատ է և կարծում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարող է ժողովրդի սպասելիքներն արդարացնել․․․

 Ձեր առաջադրման հիմնական դրդապատճառը, ինչու՞ որոշեցիք ներկայանալ քաղաքական գործչի  կարգավիճակով:

-Մեր երկրի ներքաղաքական լարվածությունը հաշվի առնելով ասեմ, որ տվյալ պարագայում առավելություն է «նոր դեմքի» ներկայությունը խորհրդարանում: Նախ և առաջ, քաղաքական գործիչը պետք է լինի ժողովրդավար, հայրենասեր, ունենա գիտելիքների մեծ պաշար, և պատրաստ լինի նոր գաղափարներով խթանել մեր երկրի հզորացմանը: Իրականում քաղաքականության մեջ դե յուրե ես նորեկ եմ, սակայն դե ֆակտո ունեմ մասնագիտական գիտելիքներ, որոնք ինձ  թույլ են տալիս լիարժեքորեն զբաղվել քաղաքականությամբ:Նախկինում կային քաղաքական խաղի որոշակի կանոններ,  որ դրանք ընդունելով և դրանց ենթարկվելով, կարող էիր մուտք գործել այդ խաղի մեջ և դառնայիր դրա անդամ: Հիմա այդ խաղի կանոնները փոխվել են, և ամեն ինչ պետք է նորից կառուցվի, դրա համար որոշեցի իմ ներգործությունն ունենալ մաքուր դաշտում և ինձ հուզող հարցերին,  խնդիրներին լուծում տալ:Եվ բացի դա, կարող եմ նշել, նաև երկրում տիրող ճգնաժամային վիճակը, որի լուծման միակ տարբերակը խելացի և բանիմաց քաղաքագետների համար ճանապարհ հարթելն է դեպի խորհրդարան:

Հայրենիքիս օգնելու ցանկությունը մեծ է:

-Իսկ չե՞ք կարծում, որ մինչ այս նախկինում առաջադրված թեկնածուներն ավելի փորձառու էին քաղաքականության մեջ, սակայն չունեին համապատասխան կրթություն, նրանց համար ավելի դժվա՞ր չէր աշխատելը ոլորտում:

– Չեմ կարող ասել թե որքանո՞վ էր դժվար իրենց համար, բայց կարծում եմ այդքան էլ դժվար չի լինի ավելի պատրաստված և քաղաքական դիմագծեր ունեցող թեկնածուների ընտրվելու դեպքում: Միայն թե մեծ դժվարությամբ կկարողանամ հասցնել ներկայանալ մեր ընտրողներին, քանի որ  գերհագեցած առօրյա ենք ունենում: Քաղաքական գործիչները զբաղվում են իրենց ունեցած գիտելիքների պաշարը արտատպել թղթին՝ ներկայացվելով օրենսդիր դաշտում: Ինձ համար կարծրատիպեր չկան և անգամ խնդիր չկա նմանվել որևիցե մեկին: Ընտրված թեկնածուներից յուրաքանչյուրը պետք է պահպանի իր տեսակը:

-Ինչպե՞ս մեկնարկեցիք քարոզարշավի սկիզբը: Ինչպիսի՞ ձևաչաձով եք պատրաստվում հանդիպել ընտրողներին:

-Փորձում եմ քարոզարշավի ժամանակ շփվեմ հնարավորինս շատ  մարդկանց հետ և քանի որ երկրորդ մասնագիտությամբ հոգեբան եմ, ինձ շատ օգնում է մարդկանց հետ շփման հարցում: Այսօր համացանցը, մեդիան թույլ չեն տալիս մարդու հետ առերեսվես, ցավոք, կենդանի շփումը մնում է ստվերում:  Մարդկան հետ շփվելով հասկանում եմ, որ նրանց մոտ  հույս է առաջացել ապագայի նկատմամբ, մնում է արդարացվեն նրանց սպասելիքները: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ազգային պահպանողական գաղափարախոսությամբ է առաջնորդվում, երբեք չի խուսափել պատասխանատվությունից, ունի կադրային այնպիսի բազա, որը կարող է ծառայեցնել պետության հետագա զարգացմանը: Անշուշտ, նախկին իշխանավորների կողմից  շատ են եղել նաև սխալներն ու բացթողումները, սակայն հետագայում դրանք նվազագույնի հասցնելու համար կուսակցությունում շուտով նախաձեռնվելու է արդիականացման գործընթաց, որը կներկայացնենք մեր քարոզարշավի ընթացքում:

-Ի՞նչ կարգախոսով եք հանդես գալիս նախընտրական քարոզարշավի ժամանակ:

«Արի լուսավորենք Հայաստանը», սա «Լուսավոր Հայաստան» կուսակցության կարգախոսն է, որն ինձ շատ հոգեհարազատ է և ես իմ քարոզարշավի ընթացքում առաջնորդվելու եմ հենց այդ կարգախոսով։

-Ներկայացրե՛ք խնդրեմ Ձեր նախընտրական ծրագրերը:

-Մեր ներուժը մեր գիտական պոտենցիալն է: Չափազանց կարևորում ենք, որ ՀՀ գիտության ոլորտը լինի մրցունակ, հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունները խթանող, միջազգային գիտահետազոտական տարածքի հետ ինտեգրված, ինպես նաև մեր երկրի տնտեսական անվտանգությունը և զարգացումը ապահովող ոլորտ:

Նպատակահարմար ենք համարում գիտության ոլորտի բարեփոխումների իրականացումը, ինչը ենթադրում է՝ ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացում, արդյունավետության գնահատման կոնկրետ չափանիշների մշակում և ներդրում, գիտական ենթակառուցվածքների արդիականացում, գիտության ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավում և երիտասարդ գիտնականների աջակցմանն ուղղված ծրագրերի իրականացում, միջազգային չափորոշիչներին համապատասխանող և տնտեսության պահանջներից բխող գիտական ուղղություններում ռեսուրսների կենտրոնացում,  գործարարության և գիտության միջև փոխշահավետ կապերի հաստատում, մեր երկրի անվտանգությունը ապահովող գիտական ճյուղերի շեշտակի զարգացում և արդյունքների ներդրում: 

 Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարացման, տնտեսության զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման գործընթացների արգելակման հիմնական պատճառներից մեկը կոռուպցիան է իր բոլոր դրսևորումներով: Հետևաբար, մենք պայքարելու ենք ինչպես կաշառակերության, պետական ունեցվածքի հափշտակության, ստվերային տնտեսության և հովանավորչության դեմ, որը կներառի՝ հանրային կառավարման մարմինների գործունեության թափանցիկության, հաշվետվողականության և բարեվարքության կատարելագործման ժամանակակից մեխանիզմների ներդրում և կիրառում, դատական համակարգի անկախության և արդարադատության անխուսափելիության ապահովում, ավելորդ վարչարարության դեմ շարունակական պայքար և պետական վարչական անձնակազմերի օպտիմալացման ժամանակակից մեխանիզմների ներդրում, բնակչության իրավագիտակցության և իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով պետական հակակոռուպցիոն կրթական ծրագրերի ներդրում։

-Ի՞նչ եք խոստանալու մարդկանց, որպեսզի ընտրեն հենց Ձեզ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն  ունի վստահության մեծ պաշար:

-Մարդկանց առաջինը խոստանալու եմ, որ լինելու եմ արժանապատիվ: Ես լինելու եմ իմ ընտրողի դեսպանը խորհրդարանում: Խոստանում եմ, որ երբեք չեմ կտրվի իմ քաղաքից ու իմ ընտրողներից, չեմ կտրվի հոգսերի տակ ապրող քաղաքացուց: Միշտ լինելու եմ մարդկանց կողքին, լսելու եմ նրանց և նրանց բոլոր հարցերը բարձրաձայնելու եմ: Չեմ կարող խոստանալ այնպիսի բաներ, որոնք արգելված են օրենքով: Մարդուն, քաղաքացուն պետք են հոգատարություն, ուշադրություն և արդարություն: Ես խոստացել եմ իմ ընտրողներին և օգտվելով առիթից, ևս մեկ անգամ խոստանում եմ, որ լինելու եմ ուշադիր, հոգատար և արդար:

-Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն պետք է լինի քաղաքական գործիչը:

-Նախ և առաջ, քաղաքական գործիչը պետք է լինի ժողովրդավար, հայրենասեր ունենա գիտելիքների մեծ պաշար և պատրաստ լինի նոր գաղափարներով խթանել մեր երկրի հզորացմանը:

-Ո՞ր արժեքներ են կյանքում Ձեզ համար անփոխարինելի:

– Ընտանիք, հայրենիք, կրոն. սրանք այն արժեքներն են, որոնք ամենակարևորն են ինձ համար:

Այցեքարտ՝

Ստեփան Ստեփանյան – քաղաքական գործիչ
Ծնվել է 1988 թվականի մայիսի 30-ին ծառայողի ընտանիքում:
1995-2005 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Ա. Մարգարյանի անվան N 29 միջնակարգ դպրոցը:
2005-2010 թթ. սովորել և ավարտել է Հայ-Ռուսական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժինը, ստանալով քաղաքագետ-միջազգայնագետի որակավորում:
2012-2016 թթ. սովորել է ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնում որպես ասպիրանտ: Թեկնածուական ատենախոսությունը հանձնել է պաշտպանության խորհուրդ:
Ունի տասնյակից ավել տպագրված գիտական աշխատանքներ բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում:
Ակտիվ մասնակցություն է ցուցաբերում միջազգային և տեղական գիտաժողովներին, գործնական սեմինարների, քննարկումների:
2011-2018թթ. աշխատել է «Ռոսգոսստրախ
Արմենիա» ԱՓԲԸ-ում որպես գլխավոր մասնագետ:
2014 թ.-ին առ այսօր դասավանդում է ՀՀ ԱՆ “Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն”-ում:
2015-2017թթ. դասավանդել է Հայաստանում ֆրանսիական քոլեջում:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

Հարգելի քաղաքացիներ, ակտիվ մասնակցեք ընտրություններին և ձեր ձայնը տվեք այն մարդուն, ում վստահում եք և ով արժանի է ձեր վստահության քվեին: Քվեարկիր լուսավոր և վստահելի ապագայի համար և կդադարես քաղաքականությամբ զբաղվել: Քաղաքականությունը՝ քաղաքական գործիչներին, առօրյան՝ քաղաքացուն:

 

 

kotayk

Լրահոս