20 Դեկտեմբերի, 2017

Կոտայքի մարզպետարանում կայացել է մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը: Ինչպես տեղեկացնում է մարզպետարանի kotayk.mtad.am պաշտոնական կայքը՝ օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանն անդրադարձել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի կազմակերպմանը, ինչպես նաև անդրադարձ կատարել 2018 թվականի բյուջեների կազմման աշխատանքների իրականացմանը:

 Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հ. Ալեքսանյանը ներկայացրել է մարզի համայնքներում կատարվող իրավական և մասնագիտական հսկողության աշխատանքների ընթացակարգերին ու արդյունքներին վերաբերող համապատասխան վերլուծություններ:
     Մարզի խորհրդի նիստի շրջանակներում քննարկվել են նաև մարզի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը և համայնքային ենթակառուցվածքներին վերաբերող մի շարք ընթացիկ հարցեր ևս:
 Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը համայնքների ղեկավարներին առաջարկել է հետևողական աշխատանքներ ծավալել համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ, ինչպես նաև 2018 թվականի համայնքային բյուջեների կազմման գործընթացում կիրառել նորովի մոտեցումներ և մեթոդաբանություններ, որոնք լիովին կնպաստեն համայնքային աշխատանքների արդյունավետ ու համակողմանի կազմակերպմանը:

42679

ՀԳ  Մարզխորհրդի նիստի ավարտից հետո մենք նկատեցինք, որ մարզպետ Կարապետ Գուլոյանը սիրով ընդունեց և լսեց  նաև տվյալ պահին մարզպետարան այցելած բնակիչների ու ինչպես մարզպետարանի աշխատակազմից փոխանցեցին բացի քաղաքացիների ընդունելության համար սահմանված օրերից Կոտայքի մարզպետը մշտապես պատրաստակամորեն ընդունում է տարբեր հարցերով մարզպետարան դիմող բոլոր բնակիչներին:

Փորձեցինք բնակիչներից հետաքրքրվել նաև, թե ինչ հարցերով են հիմնականում դիմում մարզի ղեկավարին. պատասխանները տարբեր էին՝ սոցիալական, առողջապահական, զբաղվածության: Բնակիչներից մեկն էլ մեզ հետ զրույցում նշեց. «Այնքան անմիջական, այնքան մեզ օգնող մարզպետ ունենք, որ գալիս ենք մեծ հույսով և պարտադիր նրա աջակցությունը ստացած հեռանում ենք: Շնորհակալ ենք իրեն շատ»:

Մարզխորհրդի նիստից հետո, մինչ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ընդունում էր մարզի բնակիչներին մենք նրան ուղղեցինք մեկ հարց.

  • Ինչպես է Կոտայքի մարզն ամփոփում 2017 թվականը և ինչ ծրագրեր են մշակվում 2018-ի համար:

Պատասխանելով մեր հարցադրմանը՝ Կոտայքի մարզպետը նշեց, որ`

  • Կոտայքի մարզը 2017 թվականն ամփոփում է տարբեր ոլորտներում արձանագրված դրական ցուցանիշներով, մարզային տարբեր ենթակառուցվածքներում գրանցված դրական տեղաշարժերով, որոնք լավագույն հիմք են ստեղծել եկող տարվա ընթացքում ևս Կոտայքի մարզում արդյունավետ գործունեություն ծավալելու համար: Պետական համակողմանի աջակցության արդյունքում անցնող տարվա ընթացքում բարեհաջող կերպով կյանքի են կոչվել մարզի զարգացման ռազմավարության դրույթները, մի շարք համայնքներում լուծումներ են տրվել բազմաթիվ հրատապ խնդիրների: Զգալի առաջընթաց է ապահովվել արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և տարբեր այլ ոլորտներում, մարզում իրականացվել են մեծածավալ ներդրումային ծրագրեր, որոնք ստեղծել են նոր աշխատատեղեր ունենալու հնարավորություններ: Արդեն իսկ մշակվել են նաև 2018 թվականի համար նախատեսվող բոլոր ծրագրային առաջնահերթությունները, որոնք բոլորն էլ միտված են լինելու մարզի շարունակական զարգացմանը, նորովի դրական լիցքեր են հաղորդելու ամենատարբեր բնագավառների գործունեությանը:

Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորեց նաև համայն հայությանը՝ մաղթելով ամենայն բարիք: Կոտայքի մարզպետն իր ամփոփիչ խոսքում ընդգծեց նաև, որ մեր երկրում իրականացվող արդյունավետ պետական քաղաքականության շրջանակներում առաջիկայում ևս Կոտայքի մարզն ունենալու է ակնհայտ ձեռքբերումներ:

 

www.Mnews.am

kotayk

Լրահոս