8 Օգոստոսի, 2018
 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարությանը մաս կազմող ՀՅԴ-ի հարաբերություններն այլևս այն չեն: Պատճառը ներքաղաքական վերջին իրադարձություններն են, երբ ՀՅԴ-ն, Փաշինյանի կառավարության մաս կազմելով, հանդես եկավ հայտարարությամբ՝ անուղղակի քննադատելով իշխանություններին:

Եթե հիշում եք, ՀՅԴ-ն հայտարարության մեջ մատնանշել է, որ Քոչարյանի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մեղադրանքները թողնում են ընտրովի արդարադատության և անկողմնակալ քննության տպավորություն:

Եվ ահա, փոխվարչապետ, ՔՊ անդամ Տիգրան Ավինյանն «Ազատության» ռ/կ եթերում անհասկանալի է որակել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ Դաշնակցության տարածած հայտարարությունը՝ միաժամանակ ընդգծելով՝ կոալիցիոն գործընկերոջ այս քայլը մտորելու տեղիք է տալիս:

«Որոշակի վերլուծելու կարիք կա այս գործողությունները: Եվ կարծում եմ՝ այդ վերլուծական գործընթացը նաև կբերի որոշակի եզրահանգումների մեզ, — ասել է նա և հավելել, — ով-ով, Դաշնակցությունը, որը հիմա կազմում է կառավարության մի մաս, պետք է շատ հստակ իմանա, թե ինչպիսի փոխհարաբերություններ կան գործադիր և դատական իշխանությունների միջև, արդյոք կան ճնշումներ դատական իշխանության վրա, թե՞ չկան: Որևէ մեկը դատավորին չի զանգում և ասում՝ ինչ անի դատավորը: Դա անընդունելի է և նոնսենս է»:

ՀՅԴ-ն առայժմ պաշտոնապես չի արձագանքել փոխվարչապետի խոսքերին»:

kotayk

Լրահոս