8 Ապրիլի, 2020

Օրերս «168 ժամ» օրաթերթը գրել էր, որ Եվրոպական ավիացիոն կազմակերպությունը փետրվարին կատարված ստուգումների արդյունքում՝ սերտիֆիկատից զրկել է Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին։ Ըստ հրապարակման հայկական ինքնաթիռները չեն կարողանա թռիչքներ իրականացնել Եվրոպա։

Լրատվամիջոցի այս հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց և իշխանությունները փորձեցին մեղմել իրավիճակը։ ՔԱԿ ղեկավար Տաթևիկ Ռևազյանը փորձեց ջրից չոր դուրս գալ՝ հայտարարելով, որ սերտիֆիկատից ոչ թե կոմիտեն է զրկվել,  այլ հայկական ինքնաթիռները և որ խնդիրը գալիս է նախկին իշխանություններից։ Վարչապետ Փաշինյանը ևս այս թեզը առաջ տարավ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում։

Հանրային հեռուստաընկերության եթերում Ռևազյանը մանիպուլացնելով հրապարակումը հայտարարում է, թե պետական կառույցին որևէ  միջազգային կառույց չի կարող զրկել իր լիազարություններն իրականացնելուց․ «Հայաստանն ինքնիշխան պետություն է և որևէ կառույց չի կարող զրկել ՀՀ օրենքով գործող պետական կառույցին իր լիազորությունները կատարելու իրավունքից:

2020 թվականի փետրվարի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության և Եվրոպական միության մասնագետների կողմից իրականացվել է Կոմիտեի և երկու ավիաընկերությունների գնահատման այց: 2020 թվականի մարտի 6-ին Կոմիտեն և գնահատում անցած երկու ընկերությունները ստացել են Գործակալության կողմից նախնական գնահատման արդյունքները, որի վերաբերյալ  Գործակալությունն ակնկալում է ստանալ Կոմիտեի կարծիքը գնահատման արդյունքների վերաբերյալ զեկույցը վերջնական տեսքի բերելու նպատակով: Այսպիսով, Գործակալությանն ուղղված դիտարկումները Կոմիտեն ուղարկելու է ապրիլի 6-ին»:

Իշխանությունները հերթական անգամ մոլորեցնում են հանրությանը։ Իրականում խոսք չի գնում ՔԱԿ-ի լիազորությունների կասեցման մասին, այլ նրա կողմից տրված սերտիֆիկատները ճանաչվել են առոչինչ եվրոպական տարածքում։

Այս մասին առավել մանրամասն ներկայացնում է իրավաբան Վահան Հարությունյանը։ Իր ձեռի տակ հայտնված փաստաթղթի որոշ հատվածներ նա մեջբերել է իր ֆեյսբուքյան էջում։

Եվ այսպես EASA փաստաթղթում ասվում է․«Հայաստանը, որպես Օպերատորի Պետություն, ներկայումս ի վիճակի չէ սերտիֆիկացնել և վերահսկել իր օպերատորներին ու օդանավերը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան (Armenia as the State of the Operator is currently not capable to certify and oversee its operators and aircraft in accordance with applicable international standards)։

ԵԱՍԱ-ն չի կարող վստահել Հայաստանի ՔԱԿ-ի կողմից տրված օդանավ շահագործողի սերտիֆիկատին(EASA cannot have confidence in the Air Operator Certificate issued to by CAC Armenia)։

Իշխանությունները իրապես պետք է մտահոգ լինեն այս խնդրով, քանի որ Եվրոպական ավիացոին կազմակերպության որոշումը կարող է որոշիչ լինել նաև այլ պետությունների համար։  Նույն հիմքով հայկական սերտիֆիկատները կարող են մերժվել նաև այլ երկրների կողմից:

Իշխանությունները ընդդիմախոսներին և մամուլին լռեցնելու փոխարեն ավելի լավ կանեն զբաղվեն այս խնդրով և կարողանան ազատվել Տաթևիկ Ռևազյանի «նվերից», որը շատ թանկ կարող է նստել պետության վրա։

Հ․Գ․ ՔԱԿ նման տապալումը նաև վերջնականապես կարող է թաղել սեփական ավիացիա ունենալու հույսերը, որն այդքան կարևոր է փաստացի պատերազմող երկրի անվտանգության համար։

Politik.am

 

kotayk

Լրահոս