25 Մարտի, 2022

Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ Արաբկիր վարչական շրջանում ծառայություն կատարելիս են լինում, երբ նույն վաշտի ավագ պարեկ Վարդգես Սահրադյանն ու կրտսեր պարեկ Արմեն Բադալյանը գումարտակի հրամանատար Ա. Գասպարյանին տեղեկացնում են, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի վարչական տարածքում կայանված և շարժիչը միացված Opel մակնիշի ավտոմեքենայի հետնամասում տղամարդ կա պառկած, և ունեն կասկածներ, որ ինչ-որ բան այն չէ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մի քանի անգամ ծեծում են մեքենայի պատուհանները, որպեսզի վարորդն արթնանա, սակայն տեսնելով, որ նա չի արձագանքում, տեղում ճիշտ որոշում են կայացնում. կոտրում են ավտոմեքենայի աջ կողմի ապակին ու այնտեղից դուրս են բերում տղամարդուն, ով լինում է անգիտակից վիճակում, և բերանից կասկածելի փրփուր էր դուրս գալիս։

Պարեկները շտապ մտնում են «Արմենիա» բժշկական կենտրոն, վերցնում այնտեղից պատգարակ ու այդ տղամարդուն պատգարակով մոտեցնում են հիվանդանոցի ընդունարան, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է լինում փրկել այդ տղամարդու կյանքը։

kotayk

Լրահոս