28 Մարտի, 2022

Այսօր՝ մարտի 28-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով մի քաղաքացի է տեղափոխվել իրենց մոտ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռոստոմյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը հրազենային վնասվածքներ է ստացել պարանոցի, որովայնի և մարմնի այլ հատվածներում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության  քննիչները՝ վարչության պետի գլխավորությամբ:

Ժամանել է նաև մարզի դատախազը: Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ  քաղաքացու վրա մի քանի կրակոցներ են արձակել Արտաշատ քաղաքի դրամատիկական թատրոնի մոտ, որտեղ էլ այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Արտաշատում հայտնի «Գազի Հովոն» է:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարութունյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վիրավորի ամբողջական տվյալները և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

 

 

 

kotayk

Լրահոս