3 Մարտի, 2022
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունների կասեցումից հետո «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի վերաբերյալ քրեական գործը վերամակագրվել է։ Գործն այժմ գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանի վարույթում։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ հետապնդումները սկսվել են հենց Աշոտ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելուց հետո։ Թեև քրեական գործը, որի շրջանակներում այժմ կալանավորված է Բախշիյանը, վերաբերում է մեկ այլ աղմկահարույց քրեական գործով ամբաստանյալին կալանավորելուն։ Մասնավորապես, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում՝ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նիկոլ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար, թեև ամբաստանյալն ինքն էր դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։ Ընդ որում՝ դատախազությունը չի բողոքարկել տվյալ որոշումը և առանց բողոքարկման՝ դատական ակտը կայացնելուց ամիսներ անց դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնել։

Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունների կասեցումից հետո նրա վարույթում գտնվող ավելի քան 100 քրեական գործերը հանձնվել են վերաբաշխման, առաջնահերթության կարգով վերամակագրվել են այն քրեական գործերը, որոնց շրջանակներում կան կալանավորված ամբաստանյալներ, ապա՝ մակագրման են հանձնվել մյուս գործերը ևս։

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանն ի սկզբանե մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստության ենթադրյալ գործով, որը հարուցումից ավելի քան մեկ տարի անց կարճվել է։

Քրեական գործը հարուցվել էր Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն ակտից հետո, երբ պարբերաբար զանգվածային ընդվզումներ էին տեղի ունենում՝ ընդդեմ իշխանության գործողությունների, որոնք ճնշելու համար տեղի ունեցան մի շարք աղմկահարույց ձերբակալություններ։ Այդ օրերին ԱԱԾ-ն հայտարարեց, թե, իբր, Փաշինյանի նկատմամբ սպանության նախապատրաստություն է տեղի ունեցել ու 2020թ նոյեմբերի 15-ին, ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԱԾ նախկին տնօրեն, ընդդիմադիր գործիչ Արթուր Վանեցյանին, ՀՀԿ-ական գործիչ Վահրամ Բաղդասարյանին, Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին՝ «Աշոտ Երկաթի», դաշնակցական Աշոտ Ավագյանին։ Դատարանների որոշմամբ՝ վերջիններիս ձերբակալությունը ճանաչվել էր ոչ իրավաչափ, իսկ կալանավորման միջնորդությունները մերժվել՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ։

Ավելի քան մեկ արի անց հաստատվեց, որ քրեական գործի հարուցումը եղել է մտացածին եւ Վահրամ Բաղդասարյանի, Արթուր Վանեցյանի, Աշոտ Մինասյանի և Աշոտ Ավագյանի նկատմամբ ՝ Փաշինյանի սպանության նախապատրաստման և իշխանության յուրացման հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այլ խոսքով՝ վերջիններս այժմ ունեն արդարացվածի կարգավիճակ։ Ինչ վերաբերում է զենք-զինամթերքի դրվագին, ապա այժմ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ հենց նշված դրվագով է նախաքննության ավարտ հայտարարվել, սակայն լեգենդար հրամանատարը շարունակում էր կալանքի տակ մնալ մինչեւ հունվարի 26-ը։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, հունվարի 26-ին բավարարել է Աշոտ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով գրավը՝ 2 մլն ՀՀ դրամի չափով և դրան համակցված՝ ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո Մինասյանն ազատ է արձակվել։

kotayk

Լրահոս