3 Հուլիսի, 2023

Դատավոր Դավիթ Հարությունյանի համար իր լիազորությունները դադարեցնելու որոշումն անսպասելի չէր։ Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ զրույցում։

Դավիթ Հարությունյանն առաջին իսկ օրից այդ մասին ասել է, երբ ԲԴԽ-ն իր ներկայացրած ոչ մի միջնորդության չէր արձագանքում։

«Վերջին հնարավորությունն էր տրված խորհրդին, որ անդրադառնան, բայց իրենք առհասարակ որևէ միջնորդության չեն անդրադարձել, որոշում չեն կայացրել։ Այդ որոշումները չեն հրապարակել, չեն պատճառաբանել, նշել են, որ դա կարվի խորհրդակցական ակտում։ Դուք նույնիսկ տեսաք, որ դատական ակտի հրապարակումը, որը ենթադրվում էր, որ պետք է լինի դռնբաց դատական նիստերի դահլիճում, փաստացի էլի փակ դռների հետևում էր։ Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է, դա փորձի բացակայություն է, փորձում են ուղղակի այդ ընթացքում օգտագործել բարեխիղճ անձանց։ Դա արդարացնել ուղղակի հնարավոր չէ։ Այսքան մարդու օգտագործել, կարգադրիչներին պատնեշ սարքել, նիստերի դահլիճում դեպարտամենտի աշխատակիցներին նստեցնել, իբր թե դահլիճը զբաղեցված է։ Փորձ չարեցին գոնե իմիտացիա ստեղծել, որ մի բան գոնե օրենքով է եղել։ Այստեղ գրված է ԲԴԽ, սա ուղղակի ցուցանակ է։ Պատմուճանը հագցնելով կամ հրաման ստորագրելով՝ անձը դատավոր չի դառնում»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Նա նշեց, որ ԲԴԽ-ն պետք է դատավորների համար օրինակ ծառայի, սակայն հակառակն է լինում։

«Եթե առնվազն երկու հոգի խորհրդից քվեարկած չլինեին, խախտման մասին խոսք չէր կարող լինել, և միջնորդությունը չէր կարող բավարարվել։ Առնվազն հնարավոր է և չի բացառվում, որ մեկ հոգի դեմ եղած լինի, կամ չեմ զարմանա, որ 2-3 հոգի դեմ եղած լինեն, և այսպիսի որոշում հրապարակվեր։ Ամեն մարդ ինքն է իր ճակատագիրն ընտրում, թե ինչ ուղով գնա»,- նշեց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ կակտիվացնի Եվրոպական դատարանում վճռի դեմ ներկայացված աշխատանքները։

kotayk

Լրահոս