12 Մայիսի, 2022
Առանձնապես խոշոր չափերով դիզվառելիքի և ավտոբենզինի հափշտակության համար մեղադրանք է առաջադրվել ՊՆ պաշտոնատար անձին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն՝ նշելով, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։

Կոմիտեի հաղորդագրությունն ամբողջությամբ՝ ստորև.

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Փ-ն, 2021 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի պաշտոնը, յուրացման եղանակով հափշտակել է զորամասին հատկացված և իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 3 մլն ՀՀ դրամ արժողությամբ դիզելային վառելիք, ավտոբենզին և ավտոբենզինի կտրոն:

Մասնավորապես, ըստ առաջադրված մեղադրանքի, Ա. Փ-ն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, ՀՀ ՊՆ զորամասի վառելիքաքսուքային նյութերի պահեստից 2021 թվականի հոկտեմբերի 31-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր ավելի քան 3 մլն ՀՀ դրամ արժողությամբ 1228 կգ դիզելային վառելիք, 3332 կգ ավտոբենզին և 2085 լիտր ավտոբենզինի կտրոն:

Դիզելային վառելիքն Ա. Փ-ն անօրինական ճանապարհով դուրս է բերել զորամասի տարածքից և 1 լիտրը 400 ՀՀ դրամով վաճառել Կոտայքի մարզի բնակչին: 2085 լիտրին համարժեք ավտոբենզինի կտրոններն էլ վաճառել է Երևանում գործող բենզալցակայանի աշխատակցին, իսկ հափշտակված 3332 կգ ավտոբենզինը իրացրել այլ անձանց:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Փ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»:

kotayk

Լրահոս