20 Հունիսի, 2023
Մի խումբ փաստաբաններ այսօր բողոքի ակցիա են իրականացրել Ներքին գործերի նախարարության շենքի դիմաց։

Փաստաբաններից մեկը շենքի մոտ էր եկել զրահաբաճկոնով ու սաղավարտով, ձեռքին էլ՝ «Ոչ բռնությանը» գրությամբ ցուցանակ։

«Այս սաղավարտները ոստիկանների հարվածներից են պաշտպանում: Վատ վերաբերմունք միշտ էլ եղել է, բայց չենք բարձրաձայնել: Այսպես ինձ որոշ չափով պաշտպանված եմ զգում»,- հայտարարեց զրահաբաճկոնով փաստաբանը:

Բողոքի դուրս եկածները պահանջում են փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների լիազորությունները դադարեցնել:

Փաստաբանների պալատի նախկին նախագահ, փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ արդեն իսկ իրենց պահանջին միացել է 878 փաստաբան։

«Խստորեն դատապարտում ենք փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ ձեռնաշղթաներ կիրառելու, արցունքաբեր գազ կիրառելու, ինչպես նաև փաստաբանին ձերբակալելու և խուզարկության ենթարկելու դեպքերը։ Պահանջում ենք՝ անհապաղ դադարեցնել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծին մասնակցած ոստիկանների լիազորությունները։ Պահանջում ենք նաև դադարեցնել Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի պետի լիազորությունները»,- պահանջագիր ներկայացրեց Զոհրաբյանը։

ՓՊ նախկին նախագահը հայտարարեց, եթե իրենց պահանջները չբավարարվեն, պատրաստվում են առնվազն մեկ օրով գործադուլ անել. այդ օրը փաստաբանները հրաժարվելու են դատարաններ և նախաքննական մարմիններ այցելել։

Հիշեցնենք, որ փաստաբանները երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել Դատախազության շենքի մոտ: Նրանք գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հեռուստացույց էին նվիրել, որպեսզի նա տեղեկանա փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնությունների մասին։

 

 

kotayk

Լրահոս