2 Մարտի, 2022

ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը հորդորում է հանել մեր միջի վախը, քանի որ դա, ըստ նրա, առաջ գնալու լրջագույն խոչընդոտ է:

«Մենք ամեն առավոտ արթնանում ենք մի վախից, բայց եկել է ժամանակը առաջնորդվել այս սկզբունքով՝ մենք կարող ենք անել ու մենք պետք է անենք: 2050 թվականին շատերի համար ֆանտաստիկ թվացող այն ռազմավարական ծրագիրը, որում դրված է 5 միլիոնանոց Հայաստան ունենալու հարցը, այդ ծրագիրն իրականացնելու տրամաբանությամբ պետք է շարժվենք»,- հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածուն:

Խոսելով իր տեսլականից, նա հիշեցրեց 2018 թվականի հեղափոխությունը, երբ իշխանափոխությունից հետո քննարկվել է Հայաստանի տնտեսական ապագան, շեշտադրվել է այն, որ կոռուպցիան կնվազի, մրցակցությունը կավելանա, այլընտրանքը կշատանա, դա տնտեսության զարգացման լավագույն խթանը կարող է լինել: Այժմ, որպես ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանն այն իր առջև դնում է որպես առաջնային խնդիր։

«Հիմա ես կրկնում եմ նույնը՝ կոռուպցիան պետք է նվազի, մրցակցությունը, այլընտրանքները պետք է մեծանան, դրանք լավագույն գործիքներն են, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը»,- հայտարարեց Խաչատուրյանը:

Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ունենա բարձր տեխնոլոգիական տնտեսություն:

«Մենք այլընտրանք չունենք, կորցրել ենք այն հնարավորությունը Խորհրդային Միության փլուզումից հետո, որ ունեինք այդպիսին դառնալու: Մենք կորցրել ենք այն տեխնոլոգիական, մարդկային, սարքավորումների պոտենցիալը, որ ունեինք Խորհրդային տարիներին: Մենք պետք է դա վերականգնենք, մեր նախարարությունը լծված էր այդ գործին. շատ քիչ հաջողություններ կային»,- ասաց նախագահի թեկնածուն:

Նա նշեց, թե այլընտրանքների մասին խոսելով՝ նկատի ունի նաև տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը, ճանապարհների բացումը, փակված վիճակից դուրս գալը:

«Սրանք այն այլընտրանքներն են, այն հնարավորություններն են, որոնք տնտեսության զարգացման ահռելի ճանապարհ են բացելու», – ասաց Խաչատուրյանը:

 

kotayk

Լրահոս