19 Հուլիսի, 2022

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը կնոջ հետ համատեղ տուն է գնել Ամերիկայի Միացյալ նահանգների Մերիսվիլ քաղաքում, գրում է «Հետքը»:

Պաշտոնյայի հայտարարագրի համաձայն գործարքը կայացել է 2021 թ.-ի մայիսին, իսկ անշարժ գույքի արժեքը կազմել է 584 հազար 950 ԱՄՆ դոլար:

Բագրատ Բադալյանի եկամուտներն ավելացել են հատկապես պետական պաշտոններ զբաղեցնելու տարիներին: Մասնավորապես, նրան է պատկանում «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88.13 %-ը: Այս ընկերությունն ակտիվ մասնակցություն ունի պետական գնումներում հատկապես ճանապարհաշինության ոլորտում:

Բագրատ Բադալյանի 2020 թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հազար դրամի պետական գնման պայմանագիր:

Համեմատության համար նշենք, որ մինչև ՍՊԸ-ում Բագրատ Բադալյանի բաժնետեր լինելը, 2019 թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. ապրիլի 15-ը,  «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը մեկ պայմանագիր 431 հազ. դրամ պայմանագրային գնով: Իսկ 2018-ին 3 պայմանագիր 11 մլն 949 հզր դրամ ընդհանուր գնով:

Բարձր պաշտոններում Բագրատ Բադալյանի կարիերան սկսվել է 2018թ.-ի իշխանափոխությունից հետո: 2018թ.-ի հունիսին նշանակվել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, իսկ մեկ տարի անց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ: 2020թ. փետրվարին նշանակվել է այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական, ամիսներ անց Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար:

Բագրատ Բադալյանը 2021թ. օգոստոսին նշանակվել է ՊԵԿ նախագահի խորհրդական, իսկ երկու ամիս անց Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Պետական պաշտոնյան «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ում բաժնեմասը ձեռք է բերել 2020թ.-ի ապրիլի 16-ին: Այսինքն այն ժամանակ, երբ զբաղեցնում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնը:

Բագրատ Բադալյանի հայրը Սամվել Բադալյանը, ըստ պետռեգիստրի տվյալների, «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ում տնօրենի պաշտոն է զբաղեցրել 2003-2020թթ. ապրիլի 6-ը: Այդ ժամանակահատվածում, որոշ ընդհատումներով, ՍՊԸ-ի փոխտնօրենը եղել է որդին Բագրատ Բադալյանը: Վերջինս փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2007-2010թթ. և 2015-2018թթ. մինչև փոխնախարար նշանակվելը:

Բագրատ Բադալյանին է պատկանում նաև «Դոռզնակ» ՍՊԸ-ն, որը գործունեություն է ծավալում շինարարական ոլորտում:

«Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն պետական գնումներում

Ֆինանսների նախարարության գնումների միասնական կայքէջում armeps.am-ում հրապարակված տվյալների համաձայն 2020թ. ապրիլի 16-ից մինչև նույն տարվա դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման, հեղինակային հսկողության և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման հինգ պայմանագիր է կնքել: Պայմանագրերից չորսը կնքվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, իսկ մեկը Վայքի համայնքապետարանի հետ: Նշված հինգ պայմանագրի ընդհանուր գինը կազմել է մոտ 253 մլն 765 հզր դրամ:

2021թ.-ի ընթացքում «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի մասնակցությամբ կնքվել է պետական գնման 25 պայմանագիր, որից 23-ը կնքվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մեկը «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի, մյուսը Նոյեմբերյանի համայնքապետարանի միջև: 25 պայմանագրի ընդհանուր գինը մոտ 603 մլն 540 հազ. դրամ է:

2022թ.-ի հունվարի 1-ից մինչև նույն տարվա հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում կնքվել է 9 պայմանագիր. բոլորն էլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ: Պայմանագրերի ընդհանուր գինը կազմել է մոտ 222 մլն 160 հազ. դրամ:

Փաստացի ստացվում է, որ Բագրատ Բադալյանի կողմից 2020թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հզր դրամի պետական գնման պայմանագիր:

Համեմատության համար նշենք, որ մինչև ՍՊԸ-ում Բագրատ Բադալյանի բաժնետեր լինելը, 2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. ապրիլի 15-ը,  «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը մեկ պայմանագիր 431 հազ. դրամ պայմանագրային գնով: Իսկ 2018-ին 3 պայմանագիր 11 մլն 949 հզր դրամ ընդհանուր գնով:

Բագրատ Բադալյանի ունեցվածքը

Լինելով բարձրաստիճան պաշտոնյա Բագրատ Բադալյանը գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր է ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Ըստ այդ հայտարարագրի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի 2021թ. եկամուտները կազմել են մոտ 66 մլն 71 հազ. դրամ և 17 հազ. 50 դոլար: Եկամուտներից 52 մլն դրամը ստացել է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ից, որպես փոխառություն:

Որպես կանխիկ գումար Բ. Բադալյանը հայտարարագրել է 40 հազար դոլար, իսկ անկանխիկ գումարի չափը կազմել է 639 հազ. դրամ, 346 հազ. 762 ԱՄՆ դոլար և 15 հազ. 157 եվրո:

Բագրատ Բադալյանն ունի նաև բանկային ավանդներ 300 հզր ԱՄՆ դոլար և 100 հզր եվրո:

Պաշտոնյան հայտարարագրել է ընդամենը երկու տրանսպորտային միջոց 1982թ. արտադրության «Վազ» և «Գազ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք ստացել է որպես ժառանգություն:

Ունի 5 անշարժ գույք 3 բնակելի տարածք, որից մեկը 2021թ.-ին ԱՄՆ-ում գնած տունն է և 2 միավոր հողատարածք Ծաղկաձոր և Գառնի համայնքներում:

Ինչ վերաբերում է պաշտոնյայի ծախսերին, ապա Բագրատ Բադալյանը 2021թ. կատարել է 13 մլն 260 հազար դրամի խոշոր ծախս, որից 7 մլն դրամը հանգստի համար կատարված ծախսերն են, իսկ 6 մլն 260 հազ. դրամը ծախսել է անշարժ գույքի վերանորոգման նպատակով:

2020թ.-ի հայտարարագրի համաձայն Բ. Բադալյանը 2020թ.-ին հորից ստացել է խոշոր չափով ժառանգություն 231 մլն 526 հազ. դրամ, 503 հազ. 863 ԱՄՆ դոլար և 100 հազ. 155 եվրո: Իսկ «Ճաննախագիծ» ՍՊԸ-ից ստացած շահաբաժինը կազմել է 143 մլն 176 հազ. դրամ:

Լրահոս