23 Դեկտեմբերի, 2024

«Փյունիկը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը թիմի ֆուտբոլիստներ Խոսե Կարաբալյոյի, Խուան Բրավոյի և Եվգենի Կոչուկի հետ: Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից:

Խոսե Կարաբալյոն առաջին անգամ «Փյունիկ» էր տեղափոխվել 2021-ի ձմռանը ու դարձել Հայաստանի կրկնակի չեմպիոն թիմի հետ միասին: 28-ամյա վենեսուալցին 129 խաղ է անցկացրել երևանյան թիմի մարզաշապիկով, դարձել 22 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ:

Բրավոն երևանյան թիմին էր միացել անցած տարվա ձմռանը: 34-ամյա կոլումբիացի պաշտպանը, ընդհանուր առմամբ, 41 հանդիպման է մասնակցել «Փյունիկի» կազմում ու աչքի ընկել 6 գոլով:

Եվգենի Կոչուկը «Փյունիկին» էր միացել 2022-ի հունվարին: Նա նույնպես երկու անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, նաև իր ելույթներով օգնել երևանցիներին եվրագավաթային տպավորիչ ճանապարհին 2022/23 մրցաշրջանում:Այս տարվա սկզբում՝ վնասվածքից ապաքինվելուց հետո, մոլդովացին վերադարձել էր թիմ: Նա 53 խաղ է անցկացրել ակումբի կազմում, որոնցում իր հաշվին գրանցել է 3 գոլ ու 7 արդյունավետ փոխանցում:

«Փյունիկը» շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին հիշարժան և արդյունավետ ելույթների համար ու հաջողություն մաղթում հետագա կարիերայում:

Լրահոս