10 Նոյեմբերի, 2022

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ Պեմզաշեն գյուղի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Պեմզաշեն գյուղի 1-ին փողոցի 10-րդ տան բնակիչների դռան թակոցներին և հեռախոսազանգերին չարձագանքելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. նոյեմբերի 9-ին ժամը 12:28-ին:

Անմիջապես հիշյալ հասցե է մեկնել օպերատիվ խումբը և բացելով տան դուռը ննջասենյակում հայտնաբերել նշված տան բնակիչների 1991թ. ծնված կնոջ և վերջինիս 07.12.2010թ. ծնված դստեր և 12.06.2014թ. ծնված որդու դիերը կտրած-ծակած վնասվածքներով:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որի շրջանակներում իրականացվել են քննչական և վարութային անհետաձգելի և մեծածավալ գործողություններ:

Մասնավորապես կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, տուժողների մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառոմներ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձի ինքնությունը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ։ Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս