24 Դեկտեմբերի, 2024

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է լրացում կատարել նախարարի 2021 թ. հունվարի 20-ի N 17-Ն հրամանում: Նշվում է, որ երբեմն ԶԼՄ-ներից կամ այլ աղբյուրներից նախարարությունն իրազեկվում է կրթության ոլորտում այս կամ այն հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա որևէ ենթակառուցվածքի անհիմն անվանակոչության վերաբերյալ: Հաշվի առնելով սա և կառավարության 2024 թ. նոյեմբերի 28-ին կայացած N 48 նիստի արձանագրության օրակարգի 2-րդ հարցի բ. կետով սահմանված՝ «…դպրոցների անվանակոչության ստանդարտին համահունչ կանոնակարգել դասասենյակների և այլ ենթակառուցվածքների անվանակոչության հարցը…» վարչապետի աշխատակազմի տված հանձնարարականը՝ նախագծի ընդունումը միտված է հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա ենթակառուցվածքների անվանակոչության ընթացակարգը ևս հստակեցնելուն և սահմանելուն՝ գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու համար։

ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունվարի 20-ի N 17-Ն հրամանով հաստատված՝ «Պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը սահմանելու մասին» հրամանում իրավակարգավորումներ սահմանելու անհրաժեշտություն է առաջացել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հանրակրթական ուսումնական հաստատությունը ներառում է նաև ենթակառուցվածքներ (դասասենյակներ, լաբորատորիաներ, մարզադահլիճներ, գրադարաններ և այլն), և գործող հրամանում չկա որևէ կարգավորում վերջիններիս անվանակոչման գործընթացի համար:

Ներկայում ուսումնական հաստատություններում ենթակառուցվածքներն անվանակոչվում են, սակայն ընթացակարգը հստակեցված չէ, բաց է և կարգավորված չէ: Պարզ չէ, թե ուսումնական հաստատություններն ինչ հիմնավորմամբ են անվանակոչություն իրականացնում: Բացի այդ, շատ դեպքերում լիազոր մարմիններն էլ ներգրավված չեն գործընթացում, կամ նրանց դիրքորոշումը հաշվի չի առնվում, ուստի անհրաժեշտություն է առաջացել լրացնել այդ բացը: Իրավական ակտի ընդունմամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա բոլոր ենթակառուցվածքներն անվանակոչելիս գործընթացը ևս կարգավորվելու է պետական ուսումնական հաստատությունների անվանակոչման ընթացակարգին համապատասխան»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Լրահոս