Նշենք, որ դատավորի օգնականը կալանավորվել է հոկտեմբերի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի որոշմամբ։ Դատավորի օգնականը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելուն օժանդակելու մեջ։
Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Ի սկզբանե նախատեսված էր, որ դատարանը բողոքը պետք է քննի գրավոր ընթացակարգով, սակայն, ի վերջո, բողոքը քննվեց բանավոր կարգով և բավարարվեց։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել և ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը ժամեր տևած քննության արդյունքում բավարարվել է։ Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությանն առնչվող գործին։
Մասնավորապես, դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին բավարարելով վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը և այժմ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որին ԱԱԾ-ն մեղադրում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Իսկ որպես «օժանդակություն», ըստ պաշտպանների, դիտարկվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կողմից իր փաստաբանական լիազորություններից օգտվելն ու իր իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և այլընտրանքային խափանման միջոցը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը։
Արուսյակ Ալեքսանյանը և Էրիկ Ալեքսանյանն իրենց ներկայացված մեղադրանքը չեն ընդունում։ Թե դատավորը, թե փաստաբանը ներկայումս կալանավորված են։