23 Մարտի, 2023

 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է

«Ինչպես արդեն հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում կառաջադրի գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ Իսկ ի՞նչ է պատրաստվում անել խորհրդարանական ընդդիմությունը: «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը մարտի 17-ին նամակ-գրությամբ դիմել էր խորհրդարանական բոլոր, այդ թվում՝ ընդդիմադիր խմբակցություններին՝ առաջարկելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել հասարակական գործիչ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի թեկնածությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններին՝ պարզելու՝ ինչ որոշում ունեն ՄԻՊ թեկնածու առաջադրելու մասով: Հետաքրքրվեցինք նաեւ՝ քննարկել են արդյոք Էդգար Ղազարյանի թեկնածությունը, հնարավոր է՝ նրան առաջադրեն՝ որպես միասնական թեկնածու: «Ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ հարցի մասով կարող եմ արձանագրել, որ այս պահին քննարկումները շարունակվում են, սակայն որոշում դեռ կայացված չէ»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցությունում եւս ՄԻՊ թեկնածուի մասով քննարկումներ կան: «Երկու հարցերն էլ քննարկվում են, բայց դեռ որոշում չկա»,- ասաց ֆրակցիայի ղեկավար Հայկ Մամիջանյանը: Հիշեցնենք, որ ՄԻՊ պաշտոնը թափուր է գրեթե երեք ամիս։ Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում, նոր ՄԻՊ պետք է ընտրվի:

Մարդու իրավունքների պաշտպանին խորհրդարանն ընտրում է փակ գաղտնի քվերակությամբ։ Եթե նույնիսկ ընդդիմությունը դեմ լինի գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանի թեկնածությանը, իշխող խմբակցության ձայները բավարար կլինեն իրենց թեկնածուին ընտրելու համար»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 

 

kotayk

Լրահոս