1 Հունիսի, 2023

ՔՊ-ական Արսեն Թորոսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, ըստ որի վարորդներին չի թույլատրվելու մգացված ապակիներով երթևեկել։

Նախանշված է, որ այսօրվանից հունիսի 1-ից, այն դրվելու է ուժի մեջ։ Իսկ սա նշանակում է, որ պարեկային ծառայության աշխատակիցները պետք է մոտենան բոլոր, այդ թվում նաև ծառայողական և օպերատիվ ավտոմեքենաներին, որոնց ապակիները մգացված են։

Բայց արի ու տես, որ վաղ առավոտից կառավարության նիստի եկած նախարարների ու այլ պաշտոնյաների ծառայողական ոչ մի մեքենայի վարորդ այդպես էլ չտուգանվեց, թեև նրանց բոլորի մեքենաները խիստ մգացված ապակիներով էին։

Սակայն սա չի նշանակում, թե ՆԳՆ-ն հետ քայլ է արել։ Համենայնդեպս կառավարության դիմաց, լրագրողների հարցին ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն այդպես պատասխանեց.

«ՆԳՆ-ն հետ քայլ չի արել, ակտն էլ առանց քննարկման չի ընդունվել»։

Արփինե Սարգսյանը հույս հայտնեց, որ ծառայողական մեքենաների մգացված ապակիները ևս կհեռացվեն։

«Եթե իմ գործընկերները դեռ չեն հեռացրել, ապա շատ կարճ ժամանակում կապահովենք»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ փոխնախարարը վարորդներին կոչ արեց չսպասել ՆԳՆ-ի հետքայլին։

«Մեր քաղաքացիները թող չսպասեն վաղվան կամ մտածեն, որ առաջիկայում նման պահանջ չենք ունենալու և հեռացնեն թաղանթապատումները, որոնց պատճառով կարող են վարչական պատասխանատվության ենթարկվել»,– ասաց նա։

Ի դեպ, Սարգսյանը նշեց, որ քաղաքացիներն ազատ են ցանկացած վարչարարություն բողոքարկելու հարցում, եթե համաձայն չեն դրան։

 

Լրահոս