Անցել է շուրջ ութ ամիս, սակայն, ոչ Լաչինի միջանցքն է բացվել, ոչ էլ Սինանյանի անոնս արած ռեսուրսների մոբիլիզացիային ենք ականատես եղել: Ավելին՝ ինքը՝ Սինանյանը, այնքան է պասիվացել և կորել հանրային տիրույթից, որ անգամ վերջինիս դարակազմիկ և պատմական վոյաժների մասին նորություններ չեն սպրդում հայկական մեդիա: Հարց է առաջանում՝ ինչո՞վ է զբաղված հանձնակատարը, ով ի պաշտոնե պետք է այս օրերին ամենաակտիվը աշխատեր սփյուռքի հետ:
Իհարկե, սփյուռքում բողոքի ակցիաներ կազմակերպվում են, բայց որպես կանոն տեղի փոքրաթիվ հայերի ջանքերով և Սինանյանի խոստացած ռեսուրսների մոբիլիզացիայի ստվերն անգամ չի երևում:
Ինչպես հասկանում ենք՝ իր կառույցի գլխավոր գործիքակազմը Սինանյանը համարում է տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ սփյուռքի մեր հայրենակիցներին տեղյակ պահելը: Ասել է թե, Սինանյանը և իր կառույցը ստանձնել են լրատվամիջոցի դեր, կարծես թե, ոչ թե Արցախն է գտնվում ադրբեջանցիների բլոկադայի, այլ սփյուռքն է գտնվում ինֆորմացիան բլոկադայի մեջ և տեղեկություններ ստանալու միակ աղբյուրը, իհարկե, հանձնակատարի գրասենյակն է: Զարեհ Սինանյանը կրկին անգամ ձեռքերը լվանում է սփյուռքից և գուցե դա նաև ինչ-որ տեղ սպասելի էր: Ի վերջո նրան հաջողվել է այնպիսի սեպ խրել Հայաստան-Արցախ-սփյուռք հարաբերությունների մեջ, որ դժվար էլ թե սփյուռքի մեր կառույցները ցանկություն ունենային աշխատել Սինանյանի ղեկավարած կառույցի հետ և դժվար էլ առանձնահատուկ հույսեր կապեին վերջինիս ունեցած գործիքակազմի հետ: Հետաքրքիր է միայն՝ իսկ ինչի համար է բյուջեից հարյուրավոր միլիոնների գումար դուրս գրվում Սինանյանի գրասենյակին, եթե հարկ եղած ժամանակ վերջինս մշտապես լվանում է ձեռքերը և մի կողմ քաշվում՝ մաքսիմում կատարելով յուրահատուկ տեղեկատվական շտաբի գործառույթներ…