«Ջրցան մեքենան ավելի թույլ միջոց է համարվում, իսկ նրանց պետք էր ավելի ծանր դեպք ժողովրդին վախեցնելու համար։ Ամառվա շոգին ջրցան մեքենան ի՞նչ է, ժողովուրդը կհովանար։ Հարց է առաջանում առողջապահության նախարարությունը ո՞ր թվականին է թույլ տվել ժողովրդի վրա «Զարյա 3» տեսակի նռնակ օգտագործել` դրա կիրառությունը չի կարելի։ Դրա օգտագործման հետեւանքը տեսանք Բաղրամյանում, մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել, այն բեկորային վնասվածքներ կարող է առաջացնել։ Բացի այդ, հնարավոր է նաեւ, որ այդ նռնակները ժամկետանց են եղել։ Չի թույլատրվում ժամկետանց նռնակներ կիրառել, այն կարող է մարդուն մահվան հասցնել։ Եթե «Զարյա 2» լիներ, քաղաքացու դաստակը չէր կտրվի։ Մինչեւ հիմա չգիտեմ, թե «Զարյա 3»-ն ինչի համար է նախատեսված։ Առողջապահության նախարարությունն է սահմանում, թե որ դեպքում եւ ինչպես այն կարելի է կիրառել»,-նկատում է Երանոսյանը։ Ի դեպ, այդ մասին «Հրապարակը» հարցում է արել ՀՀ առողջապահության նախարարություն, դեռ պատասխանը չենք ստացել։
Պատմության մեջ որպես «արյունալի» իրադարձություն համարվող ՊՊԾ գնդի գրավման ժամանակ անգամ ոստիկանությունը կիրառել է «Զարյա 2», թեպետ, ըստ Երանոսյանի, այլ տեսակի հատուկ միջոցներ էլ են եղել, ոստիկանությունը որոշել է հանել դրանք կիրառությունից։ «Ինչո՞ւ ցուցարարների վրա «Զարյա 3» գցեցին, ի՞նչ էին արել անզեն քաղաքացիները, մարտաբո՞յ է` թո՛ղ մարտաբոյ տան, վզներն են մենակ հաստացրել»,- զայրանում է նախկին հրամանատարը։