11 Հոկտեմբերի, 2024
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Newsweek հանդեսում հրապարակած հոդվածում միջազգային դերակատարներին կոչ է անում COP29 համաժողովից առաջ ճնշում գործադրել Բաքվի վրա և ստիպել ազատ արձակել հայ գերիներին ու պատանդներին։

Հոդվածը թարգմանաբար՝ ստորև.

– Չնայած հակառակ պնդումներին՝ Ադրբեջանը խաղաղություն չի փնտրում իր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ: Ընդամենը մեկ տարի առաջ Ադրբեջանը

120,000 էթնիկ հայերի զտման ենթարկեց Լեռնային Ղարաբաղից՝ ոչնչացնելով նրա տասնամյակների ինքնիշխանությունը և իրենց պատմական հողերից սկսելով ջնջել բոլոր հետքերը:

Եթե ​​Ադրբեջանն իսկապես հավատարիմ լիներ խաղաղությանը, ապա կդադարեր ոչնչացնել հայկական մշակութային և պատմական ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, կհրաժարվեր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իր շարունակական հավակնություններից, կհեշտացներ Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության վերադարձն իրենց նախնիների հայրենիք և անհապաղ ազատ կարձակեր ռազմագերիներին և բանտարկյալներին՝ Ղարաբաղի ղեկավարներին, որոնց նա ձերբակալել է մեկ տարի առաջ՝ երկրամասի՝ իննամսյա շրջափակմանը հետևած արյունոտ հարձակումից հետո։

Ադրբեջանական վարչակարգն աշխարհի ամենաբռնապետական, կոռումպացված և ագրեսիվ ռեժիմներից մեկն է։ Որպես 1998-2008 թթ․ Հայաստանի արտաքին գործերի նախարար, որը տասնամյակներ է անցկացրել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի պես տերությունների աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններ վարելով, ես կոչ եմ անում աշխարհին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ փոխելու վարքագիծը:

Ռուսական Sputnik պետական ​​գործակալության կողմից տարածված այս լուսանկարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 18-ին Բաքու ժամանելիս:

Կա մի ճանապարհ. նոյեմբերի կեսերին Բաքուն հյուրընկալելու է COP29 կլիմայական գագաթնաժողովը. վայրի ընտրությունը զգալի հակասությունների տեղիք է տվել, քանի որ Ադրբեջանը նավթի և գազի առաջատար արտադրող է և գլոբալ աղտոտման մեջ զգալի դեր ունի։ Սա կասկածելի ընտրություն է բոլոր մակարդակներում, բայց այն նաև աշխարհին որոշակի լծակներ է տալիս:

Բաքվում այժմ կալանավորվածները՝ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, միջազգային իրավունքի համաձայն, ինքնորոշման ձգտող ժողովրդի օրինական ներկայացուցիչներ են։

Աշխարհի տերություններն այս տարիների ընթացքում բանակցում էին ահաբեկիչների և հանցագործների հե՞տ, ինչպես հիմա պնդում է Ադրբեջանը։ Իհարկե ոչ։ Այս առաջնորդները համեմատելի են այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Իբրահիմ Ռուգովան Կոսովոյից կամ Խոսե Ռամոս-Հորտան Արևելյան Թիմորից. անհատներ, որոնք խաղաղ միջոցներով պայքարել են իրենց ժողովրդի ինքնորոշման համար: Նրանց կալանավորումը հայկական հարցը լռեցնելու քաղաքական հնարք է, միջազգային իրավունքի լուրջ խախտում և մարտահրավեր գլոբալ դիվանագիտական ​​գործընթացի օրինականությանը:

Թեև Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր ինքնիշխանության մասին, քանի որ այն նախկինում դրվել էր Խորհրդային Ադրբեջանի կազմում, որը դարձավ Ադրբեջան, այն երկար ժամանակ հայկական կյանքի կենտրոն էր՝ ինքնորոշման իրավունքի շատ խելամիտ պահանջով: Խորհրդային Միության վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի՝ այդ իրավունքից օգտվելու քայլը առաջ բերեց Ադրբեջանի անզիջում արձագանքը, ինչը հայերի և ադրբեջանցիների միջև լայնածավալ հակամարտության հանգեցրեց: Այդ պատերազմը, ի վերջո, ավարտվեց 1994-ին կնքված զինադադարով, որը երկրամասին թույլ տվեց հաստատել ինքնակառավարում:

Շուրջ երեք տասնամյակ Լեռնային Ղարաբաղը պահպանել է դե ֆակտո անկախ կարգավիճակ՝ ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների հարգման վրա հիմնված պետականաշինական ջանքերով: Հակամարտության մշտական ​​լուծմանն ուղղված բանակցությունները, որոնք որպես համանախագահ երկրներ միջնորդում էին Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը, ընդգծում էին հակամարտության խաղաղ կարգավորումը, մարդու իրավունքների հարգումը և հավատարմությունը միջազգային իրավունքին: Սակայն 2020-ի պատերազմում Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղի տարածքների զգալի մասը, իսկ երեք տարի անց՝ հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, իրականացրեց էթնիկ զտումներ և առևանգեց տարածաշրջանի ղեկավարությանը։

Սա մեզ բերում է իսկապես տարօրինակ հանգամանքների, երբ բռնապետ Իլհամ Ալիևի ռեժիմը, որը զբաղեցնում է ժողովրդավարության բոլոր գլոբալ վարկանիշների, այդ թվում՝ Freedom House-ի, վերջին հորիզոնականները, դառնում է COP29-ի հյուրընկալը:

Դա միջազգային դիվանագիտության մեջ առկա բարոյական հակասությունների խորհրդանիշն է։ Որպես նավթի և գազի աշխարհի առաջատար արտադրողներից մեկը՝ Ադրբեջանը հսկայական շահույթ է ստանում հանածո վառելիքից՝ հենց այն արդյունաբերությունից, որը նպաստում է կլիմայի փոփոխությանը: Այնուամենայնիվ, նրան հարթակ է տրվել կլիմայական աղետի մեղմմանն ուղղված գլոբալ գագաթնաժողով անցկացնելու համար: Բնապահպանական այս կեղծավորությունն ինքնին ցայտուն է, սակայն, այո, կա մի պատմություն, որտեղ կլիմայական խարդախներին տեղ է տրվում սեղանի շուրջ, ավելին՝ հնարավորություն է տրվում հյուրընկալել այլոց: Հիշենք, որ COP28-ը հյուրընկալել էր Արաբական Միացյալ Էմիրությունները:

Որևէ փաստարկ չկա, որ թույլ տանք՝ Բաքուն հեշտությամբ գլուխն ազատի Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների խախտումներից: Թույլ տալ Ադրբեջանին հյուրընկալել COP29-ը՝ առանց ռեժիմի ռեպրեսիվ գործողություններին դիմակայելու, կնշանակի աչք փակել նրա կատարած վայրագությունների վրա: Իսկ COP29-ը, իսկապես, լծակների հազվագյուտ հնարավորություն է տալիս:

Համաշխարհային հանրությունը, հատկապես պետական ​​դերակատարները, ինչպիսին ԱՄՆ-ն է, պետք է Ադրբեջանից պահանջեն ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական առաջնորդներին, որոնց նա անօրինական կերպով կալանավորել է։ Եվ նրանք պետք է պատրաստ լինեն բոյկոտել համաժողովը կամ ուղարկել ցածրաստիճան պատվիրակություններ, եթե այդ պահանջը մերժվի։

Ադրբեջանը գիտի, որ ձերբակալվածները ոչ մի հանցանք չեն գործել, բայց չի ակնկալում, որ իր բլեֆը կքննադատվի։ Այո՛, վտանգ կա, որ Բաքուն տեղի չի տա։ Այդ ռիսկը նվազում է վերջնագրի վճռական լինելուն զուգահեռ՝ որքան շատ պետական ​​դերակատարներ և հասարակական կազմակերպություններ կանգնած լինեն դրա հետևում: Դա ամենուր բռնապետերի և չարամիտ քաղաքական գործիչների համար սթափեցման կոչ կլիներ:

Ընդ որում, դա պետք է չվերաբերի միայն ապօրինի պահվող հայերին։ Վերջին ամիսներին Բաքվի ռեժիմը կալանավորել է բազմաթիվ լրագրողների և ակտիվիստների՝ փորձելով կանխել համաժողովի ընթացքում որևէ քննադատություն: Նրանք նույնպես պետք է ազատ արձակվեն։

Այո, ցավալի կլիներ չեղարկել կարևոր համաժողովը, բայց կան այլընտրանքային լուծումներ կլիմայի շուրջ բանակցությունները շարունակելու համար: Դրանցից մեկն այն է, որ գագաթնաժողովը կարելի է տեղափոխել մեկ այլ վայր կամ այն անցկացնել կիսամյակը մեկ՝ մարդու իրավուքները հարգող մի քանի ժողովրդավարական պետություններում։

Կլիմայի փոփոխության հրատապությունը անհերքելի է, սակայն մենք պետք է երաշխավորենք, որ մարդու իրավունքները և բնապահպանական արդարադատությունը իրար չբացառեն: Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պետք է մղվի բարոյական ազնվությամբ։ Աշխարհը պետք է ամուր կանգնի և թույլ չտա Ադրբեջանին օգտագործել կլիմայական օրակարգը որպես PR վահան՝ շարունակելով ճնշել հայերին, օրինական քաղաքական շարժումները և պահելով քաղբանտարկյալների:

Քիչ ժամանակ է մնացել։ COP29-ը արագ մոտենում է, և աշխարհը հնարավորություն ունի գործողությունների միջոցով դրսևորելու իրական նվիրվածություն մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ինքնորոշման սկզբունքին: ԱՄՆ-ը, Եվրամիությունը և ժողովրդավարական այլ հաստատություններ պետք է առաջնորդություն ստանձնեն՝ COP29-ը օգտագործելով որպես լծակ՝ պահանջելու ազատ արձակել այս բանտարկյալներին:

Նրանք պետք է բարձրաձայնեն։ Եվ, որ ավելի կարևոր է, նրանք պետք է գործեն։

Լրահոս