ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է.
«ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն օրերս Հանրայինի տաղավարում Հայաստանում որպես մարդու իրավունքների գլխավոր խնդիր մատնանշեց հանրային սննդի օբյեկտներում աղմուկի հարցը։ Փաստենք, որ քրգործերով, ձերբակալություններով և այլ զանազան միջոցներով քաղաքական ճնշումներ բանեցնող իշխանության պարագայում ՄԻՊ-ին անհանգստացնում են նման «անշառ» հարցերը։
Մինչդեռ, արցախցի երիտասարդներին ոստիկանական բաժանմունքներում օրերով պահելու, ծեծի ենթարկելու, նահատակ հերոսների ծնողների, պատգամավորների, լրագրողների նկատմամբ իրականացված բռնության դեպքերի առնչությամբ երբևէ չենք լսի ՄԻՊ-ի կողմից հստակ դատապարտող հայտարարություններ և դրան հաջորդող համապատասխան գործողություններ։
Բազմիցս բարձրաձայնել, անձամբ դիմել եմ տիկին Մանասյանին, որպեսզի իր գրասենյակը վերջապես զբաղվի «Սրբազան շարժման» աջակիցների ավտոմեքենաները ամիսներ շարունակ ապօրինաբար հատուկ տարածքում պահելու հարցով։ Այս ընթացքում լրատվամիջոցների մասնակցությամբ 2 անգամ փորձել ենք հանդիպել տիկին Մանասյանին իր գրասենյակում՝ փոխանցելու մեր մտահոգություններն այս հարցերի շուրջ, սակայն, վերջինս չի ցանկացել ընդունել մեզ։
ՄԻՊ-ը չայցելեց նաև ՁՊՎ՝ տեսակցելու այն 9 երիտասարդներին, որոնք ձերբակալվել էին անօրինական զենք պահելու կասկածանքով։ Եվ ընդհանրապես, չենք տեսնում իշխանություններին ուղղված հստակ ուղերձ՝ դադարեցնելու ընդդիմադիր հայացքներ ունեցողներին 72 ժամով ազատությունից զրկելու արատավոր պրակտիկան։ Արձանագրենք, որ Տիկին Մանասյանն իր հարցազրույցներում շարունակում է ընդդիմության հավաքների ժամանակ անհամաչափ ուժի, հատուկ միջոցների կիրառման, ինչպես նաև՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ տարբեր տեսակի ճնշումների առնչությամբ տալ ոչ հստակ, հեղհեղուկ և անհասցե մեկնաբանություններ, գնահատականներ։
ՄԻՊ-ը շարունակում է պնդել նաև, որ Հայաստանում չկան քաղբանտարկալներ։ Ժողովրդավար պետություններում Մարդու իրավունքների պաշտպանը անկախ պաշտոնատար անձ է, իսկ մեր պարագայում վերջինս զբաղված է օրվա իշխանություններին հլու-հնազանդ ծառայելով, վերջիններիս շահերը պաշտպանելով»: