25 Դեկտեմբերի, 2024
Զարդարվել են փողոցները, վառվել են Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, խանութներում կանգնելու տեղ չկա. Հայաստանում նախատոնական եռուզեռ է: Պատրաստվում ենք ճանապարհել հինն ու դիմավորել նորը, բայց մի՞թե Ամանորը միայն կերուխումի, մեր երազանքները հիշելու մասին է, կամ ինչպե՞ս փողոցի լույսերի հետ նաև մեր միջի լույսը վառ պահենք: Այս մասին հայտնում է qahana.am-ը։

 Մենք կրկին մոռացել ենք կարևորի մասին…

Հրաշքի, «նոր» կյանքի սպասումով

Օրեր անց կրկին կլսենք նույն մաղթանքները, կենացները: Կանցնեն տոնական օրերը, ամեն ինչ կմոռանանք, բայց նորից դրանց մասին կհիշենք, երբ հաջորդ տարի դիմավորենք նոր տարին՝ կրկին «նոր» հույսերով: Այդպես ամեն տարի։ Ի՞նչ նորի մասին ենք մենք շարունակ խոսում: Մենք օգտագործում ենք նոր բառը՝ առանց դրան լուրջ բովանդակություն տալու: Մենք մեր «նոր»-ից չե՞նք հոգնել, հարցնում է Տեր Եսայի քահանա Արթենյանը.

«Ու մի օր էլ պիտի հասկանանք, որ օրացույցի թվերի փոփոխությունով մեր կյանքը չի փոխվում: Մեր կյանքը կարող է փոխել այն, ինչն իրապես «նոր» է: Իրականում այն նորը, որը փնտրում եք, դուք եք, ձեր մեջ է, փոխեք ձեր հայացքը, ընթացքը և իրական նորը, որը մեզ բոլորիս պետք է, կբացահայտեք»:

Տարվա ավարտին փորձում ենք ամփոփել մեր ձեռքբերումները, ձախողումները, նոր ծրագրեր կազմում, որ գնանք առաջ: Հոգևորականը հիշեցնում է՝ շատ կարևոր է, թե մենք ինչ հայացքով ենք նայում առաջ.

«Եթե մեր անցած կյանքին, մեր ձեռքբերումներին, ձախողումներին նայում ենք հավիտենականության խորհրդի լույսի ներքո՝ մեզ համար կա հնարավորություն՝ նորովի սկսելու, լուսավորվելու: Եթե առաջնորդվում ենք այս աշխարհի տրամաբանությամբ, այդ նորը, նոր չէ: Ամենակարևոր պայմանը Քրիստոսի ծննդյան խորհրդով ապրելն է: Այդ խորհրդով զորանալը, մեր հավատքի մեջ ամրանալը, պատրաստվել Քրիստոսի ծննդին: Սրանով ամեն ինչ նոր կարող է դառնալ մեր կյանքում»:

Շատերը կարծում են, թե որքան լավ (ճոխ) դիմավորենք տարին, այնքան լավ կլինի մեզ համար 365 օրերի ընթացքում: Քահանան հիշեցնում է՝ ոչ թվականները, ոչ կենդանակերպի նշանները, մեր կյանքը ի զորու չեն փոխելու, այդ «նոր»-ը մեր մեջ է.

«Հունվարի 1-ին ոչ մի հրաշք չի լինի, եթե մենք պատրաստ չենք հրաշք գործելու»:

Հավիտենականության ռիթմը

Ո՞րն է քրիստոնյայի կյանքի առաքելությունը. մեր նպատակը փրկության արժանանալն է: Մենք աշխարհ ենք գալիս՝ հավիտենականության արժանանալու: Նշանակում է` մեր կյանքը պետք է իմաստ ունենա:
 «Եթե մենք ապրում ենք ուղղակի, հանուն կյանքի, նշանակում է՝ մեր կյանքն անիմաստ է, եթե ապրում ենք՝ հանուն հավիտենականության, Աստծո փառքի, մեր կյանքն իմաստավորվում է: Աստված մեզ սիրեց, կանչեց՝ հավիտենության ճանապարհով քայլելու: Այդ սիրով է, որ այդ ճանապարհին մենք պետք է ամուր ու հաստատուն մնանք: Այդ սերը պահպանելու համար՝ յուրաքանչյուր մարդ պետք է պայքարի»,- նշում է քահանան:

Որպեսզի չարը պարտվի մեր կյանքում, ամենակարևոր պայմանը՝ նորովի ապրելն է:

 «Մի՛ փորձեք ապրել այս աշխարհի ռիթմով, փորձեք ապրել հավիտենականության ռիթմով: Այս աշխարհը մեզ առաջնորդում է խելահեղ արագության, խոսքը արագաշարժ լինելու մասին չէ: Շատ հաճախ մենք շտապում ենք, բայց ոչ մի տեղ, չկա նպատակ, այդ վազվզոցի մեջ դատարկություն կա: Կա շտապողականություն, որը չունի բովանդակություն: Մենք պետք է կանգ առնենք ու փորձենք ի մի բերել մեր ընթացքը, մեր կյանքը, նայենք ապագային այն հայացքով, որ ապրենք հավիտենականության ռիթմով, իսկ այն մեզ առաջնորդում է պայքար՝ հանուն Աստծո»,- խորհուրդ է տալիս հոգևորականը:

Մեզ տրված ժամանակը հնարավորություն է՝ փոխվելու, ավելի լավը դառնալու, նոր կյանք ապրելու: Մեզ տրված ժամանակը հնարավորություն է, որ մեր մեջ բացահայտենք Արարչի լույսը, սերը: Նոր տարվա հրաշքը նոր մարդ դառնալն է, որին պիտի հասնենք ամենօրյա պայքարով:

Լրահոս