25 Դեկտեմբերի, 2024

«Հրապարակ» օրաթերթը գրում 

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն Ամանորի շեմին բանավեճի հրավիրում ՀՀ նախկին նախագահներին՝ կրկին օրակարգ բերելով Արցախի բանակցային գործընթացի թեման։ «1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) եւ, հետեւաբար, այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»,- գրել է նա։

Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գրասենյակների արձագանք-մերժումից հետո երեկ համացանցի ակտիվ զանգվածը քննարկում էր՝ ճի՞շտ էր, թե՞ սխալ հրավերը մերժելը, գուցե գնային եւ վերջակետ դնեին Փաշինյանի տարիների մանիպուլյացիաներին: Հակառակ կարծիքի պաշտպանների համոզմամբ՝ Փաշինյանի հետ բանավիճելու կարիք չկա, հատկապես՝ պարզ ճշմարտությունների թեմայով։ Ոմանց համար էլ առավել կարեւոր էր հասկանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը նորից հիշել Արցախի հարցը, հնչեցին վարկածներ, թե առաջիկայում Հայաստանին բախտորոշ ժամանակներ են սպասվում, նախկիններին ներքաշելով` Փաշինյանը փորձում է նրանց հետ կիսել սպասվող իրադարձությունների պատասխանատվությունը, ավելին՝ նրանց մեղավոր հռչակել։ Ոմանց կարծիքով էլ՝ Փաշինյանը պատրաստվում է արտահերթ ընտրությունների եւ այս քայլով իր գլխավոր հակառակորդ է նշանակում նախկիններին, որոնց հետ «պատերազմը» վաղուց է հաղթել` իր մանիպուլյացիաներով ու ստերով։

Քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով՝ Փաշինյանի բոլոր գործողությունները միտված են իշխանությունը եւ աթոռը պահելուն, եւ այդ նպատակով փորձում է արդարանալ, մեղքն ուրիշների ուսերին բարդել, հանրությանը «կոպիտ ասած, էշի տեղ դնել»: Այդուհանդերձ, քաղաքագետը տարակուսած է՝ ինչո՞ւ է Փաշինյանը բանակցային գործընթացի մասին հիշատակումը սկսել 1994 թվականից։

«Ինչո՞ւ 94 թվական, եթե Արցախի շուրջ բանակցությունները սկսվել են 1991թվականին՝ դեռեւս նախկին Խորհրդային Միության կազմում: Միջազգային հանրությունը ոչ պաշտոնական ձեւով էր ներգրավված, բայց Խորհրդային Միության լուծարումից անմիջապես հետո՝ արդեն 1992 թվականին, ԵԱՀԿ-ի եւ այլ ֆորմատների առաջին որոշումներն են եղել։ Այսինքն՝ եթե խոսում ես բանակցային գործընթացից, պետք է սկսել հենց սկզբից, երբ ԵԱՀԿ-ի կողմից իսկապես մի սցենար էր քննարկվում՝ Ադրբեջանի կազմում ինքնավարություն, բայց հետագայում այդ տրամաբանությունը փոխվեց, 1994 թվականից բանակցային գործընթացն առհասարակ ամբողջովին փոխվեց, եւ խոսքը գնում էր Լեռնային Ղարաբաղի անկախության մասին։ Իհարկե, Ադրբեջանը դրան դեմ էր, եւ Փաշինյանը, ըստ էության, հերթական անգամ ադրբեջանական թեզերով է առաջնորդվում, կրկնում է դրանք»,- նշում է Զոլյանը՝ հիշեցնելով, որ ճիշտ նույնկերպ Փաշինյանն ասպարեզ բերեց Ալմա-Աթայի մասին հռչակագիրը, որը մինչ այդ ի վնաս Ադրբեջանի էր գործում, բայց Փաշինյանը հօգուտ նրանց հրամցրեց․ «1993 թվականին Ադրբեջանը, միանալով այդ հռչակագրին եւ ճանաչելով գոյություն ունեցող սահմանները, փաստորեն, ընդունել էր, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի ոչ միայն ԼՂ-ից, այլեւ՝ շրջաններից։ Բայց Փաշինյանը դա գլխիվայր շուռ տվեց, ասաց, թե նախկիններն են Արցախը հանձնել այդ հռչակագրով, ոչ թե ինքը։ Այս մարդը պարբերաբար մեղավորներ է փնտրում՝ մե՛կ ռուսներն էին, մե՛կ նախկինները, մե՛կ ուրիշները, անգամ իր հայտարարություններում է ինքն իրեն հակասում։ Մի կողմից հայտարարում էր, թե ինքն ազատագրեց Հայաստանը Ղարաբաղի խնդրից, դա, իր կարծիքով, Հայաստանի կապանքներն էին, մյուս կողմից էլ ասում է՝ նախկիններն ուզում էին Ադրբեջանին հանձնել։ Այսինքն, նրա նարատիվներն իրար հակադրվում են, բայց ոչ մեկը չի ասում, որ դա շիզոֆրենիայի դրսեւորում է՝ կա՛մ մի կողմը բռնի, կա՛մ՝ մյուսը։ Եթե Արցախն իսկապես խանգարում էր Հայաստանի անկախությանը, ապա նախագահների փորձերով Ադրբեջանին հանձնել Արցախը՝ կնշանակի շարունակել նրանց ծրագիրը, բայց մեկ էլ լսում ենք լրիվ հակառակը։ Վերջը՝ թող այս մարդը կողմնորոշվի՝ որն է իր ասելիքը: Իրականում չի կողմնորոշվի, որովհետեւ այսօր սա է հայտարարում, վաղը՝ այլ բան, իսկ իրականում կատարվածի եւ կատարվելիքի միակ պատասխանատուն ինքն է»։

Զոլյանը հիշեցնում է Ալիեւի վերջին պահանջը՝ 300 հազար ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու եւ իրենց «պատմական հայրենիքում» բնակվելու մասին, եւ հորդորում է նրան պատասխանել․ «Այսինքն՝ ասում է, որ ոչ թե փախստականներ են, այլ Հայաստանն այդ ադրբեջանցիների պատմական հայրենիքն է, հարց է ծագում․ հետեւաբար, մենք ի՞նչ գործ ունենք այստեղ, մեզ սպասվում է արցախցիների ճակատագիրը, եթե գան հայրենիքի իրական տերերը, մեզ՝ եկվորներիս, իրական տեղը պիտի ցույց տան»։

Ի դեպ, Զոլյանի կարծիքով, նախագահները ճիշտ արեցին՝ մերժելով Փաշինյանի բանավեճի հրավերը․ «Ոնց որ ասեն՝ եկեք բանավիճենք` Ալեքսանդր Մակեդոնացին եղե՞լ է, թե՞ ոչ, եթե մեկը ձեզ հրավիրի նման բանավեճի, չե՞ք ասի՝ հո հիմար չե՞մ՝ գնամ, կամ` արդյոք Էվերե՞ստն է աշխարհի ամենաբարձր գագաթը, թե՞ ոչ, Երեւա՞նն է Հայաստանի մայրաքաղաքը, թե՞ ոչ։ Կան ակնհայտ փաստեր, որոնց շուրջ վիճելը զավեշտալի կլինի»։

Լրահոս