25 Դեկտեմբերի, 2024

Արցախի Պաշտպանության բանակի պահեստազորի մոտ 1000  զինթոշակառուներ մինչ օրս չեն ստացել իրենց հասանելիք՝ 2023թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների թոշակներն ու նպաստները։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց զինթոշակառու Արմեն Գևորգյանը, նշելով, որ դա Պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի ու ֆինանսական ստորաբաժանման ղեկավար Կարեն Գրիգորյանի անգործության հետևանք է։

«Տեղահանությունից ավելի քան մեկ տարի է անցել, բայց հազարավոր զինթոշակառուներ դեռ չեն ստացել այդ գումարը։ Մինչդեռ, մեր ունեցած տեղեկություններով՝ Կարեն Գրիգորյանը  2023 թվականի սեպտեմբերին Արցախից Հայաստան է տեղափոխել կանխիկ 200 միլիոն դրամ, որը պատկանում է զինթոշակառուներին։ Հայաստան տեղափոխելուց հետո այդ գումարն անհետացել է, իսկ ինքը տեղափոխվել է ԱՄՆ»,- նշեց Գևորգյանը։

Պահեստազորի զինթոշակառուներն անհանգիստ են։ Արմեն Գևորգյանն ասաց, որ այս պահանջով դիմել է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն, կատարվածի մասին տեղյակ պահել նախագահ Սամվել Շահրամանյանին, սակայն, հարցն այդպես էլ չի լուծվել։

«Այդ թոշակառուներից մեկը ես եմ։ Խոսքը 115 հազար դրամի մասին է, թվում է՝ մեծ բան չէ, բայց դա յուրաքանչյուր տեղահանված, թոշակառու, սոցիալապես բարդ վիճակում հայտնված ընտանիքների համար մեծ գումար է։ Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ նույն իրավիճակն է նաև աշխարազոր ուժերում։ Մարդկանց ընդունել են ծառայության՝ առանց պայմանագիր կնքելու։ Նրանք գնացել են հերթապահության, օրերով եղել են դիրքերում, սակայն, վերադարձել են ու գումար չեն ստացել»,- ասաց նա` հրավիրելով  շահագրգիռ մարմիններին հետաքննել և հանրությանը ներկայացնել ողջ եղելությունը։

«Խորը ցավ ենք ապրում, այսպիսի երևույթներն ապականում են հայ ժողովրդի անունը»։

MediaHub-ը կապ հաստատեց նաև Արցախի աշխարհազորայիններից մեկի հետ։ Վերջինս ասաց, որ մեծ մասը իրենց հասանելիք գումարը չեն ստացել։

«Ես հստակ տեղեկություններ ունեմ, որ Արցախից խոշոր չափերի հասնող կանխիկ գումար է բերվել, որը պետք է այստեղ բաժանվեր աշխարհազորայիններին։ Սկզբից ասել են զոհված ու վիրավորում ստացած ծառայողներին են բաժանելու, այնուհետև մեզ։ Բայց թե ո՞վ է «կերել» այդ գումարները, մենք տեղյակ չենք»,- նշեց մեր զրուցակիցը։

Լրահոս