«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հերթական աբսուրդ գնումը՝ ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից. քյաբաբ ու իքիբիր:
Առաջին հայացքից ոչ այդքան մեծ գումարի չափով գնումը հետաքրքրաշարժ է այնքանով, որ կառույցը, որը մեծ հաշվով կապ չունի սննդի հետ, ըստ փաստաթղթերի՝ գնել է քյաբաբ եւ արաբաթուրքական ձեւակերպմամբ՝ իքիբիր։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Ներքին գործերի նախարարությունը 554 հազար դրամի սնունդ է գնել:
Նախարարությունը «Նարինե Ադամյան» ԱՁ-ի միջոցով ձեռք է բերել 180 հատ քյաբաբ եւ 200 հատ իքիբիր. 234 հազար դրամ՝ 180 հատ քյաբաբի համար, 320 հազար դրամ՝ 200 հատ իքիբիրի համար: Ստացվում է, որ մեկ քյաբաբի արժեքը կազմել է 1.300 դրամ, իսկ իքիբիրինը՝ 1.600 դրամ: Թե ինչ առիթով են գնումը կազմակերպել եւ ում համար են նման որակի հյուրասիրություն նախապատրաստել, պատրաստվել, հայտնի չէ. փաստաթղթերում ոչինչ չկա այդ մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանից փորձեց տեղեկանալ, թե ո՞ւմ եւ ինչի՞ համար է կազմակերպվել սա. վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ Ամանորից հետո Տավուշի մարզում հրդեհ է բռնկվել, եւ սնունդը գնվել է տեղի ծառայողների համար։
Այստեղից հարց է ծագում, թե քանի՞ աշխատակից է եղել այնտեղ՝ հրդեհը մարելու համար, որ նման մեծ քանակի սննդով են ապահովել։
Իհարկե, լավ կլիներ՝ արաբաթուրքական բառից հրաժարվեին, իքիբիրը պետական հաստատություններում, հաստատվող փաստաթղթերում գոնե փոխարինվեր հայերեն նման կամ համարժեք բառով՝ մանր խորոված, խորոված՝ փոքր կտորներով եւ այլն…»: