Shamshyan.com-ի տեղեկություններով հունվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Կապան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 57-ամյա Խաչատուր Կ․-ն և 40-ամյա Արտաշ Ա․-ն, ովքեր բժշկական կենտրոն են տեղափոխվել «Սևանդ» ՍՊԸ-ի տարածքից և հայտնել են, որ վնասվածքները ստացել են աշխատանքի վայրում՝ էլեկտրասյունից ընկնելու հետևանքով:
Ոստիկանները պարզել են նաև, որ առանց գրանցման և աշխատանքային պայմանագրի, աշխատելով «Սևանդ» ՍՊԸ-ում, նույն օրը Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի տարածքում գտնվող ««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչամբարում նրանք իրականացնելիս են եղել էլեկտրասյուների վերանորոգման աշխատանքներ, որի ընթացքում չպահպանելով աշխատանքի անվտանգության կանոնները՝ լինելով չամրակապված, ընկել են էլեկտրասյան վրայից և ստացել մարմնական վնասվածքներ:
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։