18 Ապրիլի, 2025

2025 թվականի ապրիլի 8-ին Վարշավա քաղաքում Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչության, որն արտահայտությունն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերջինիս տարածքային նկրտումների և հայ ժողովրդի բազմադարյա հոգևոր և մշակութային ժառանգության յուրացման ձգտումների։

Խստագույնս դատապարտելի են Ադրբեջանի կողմից պատմությունը վերաշարադրելու գործողությունները, Հայաստանի և Արցախի տարածքում գտնվող հայկական բնակավայրերը, սրբավայրերն ու պատմամշակութային արժեքները «ադրբեջանական» կամ «ալբանական» ներկայացնելու փորձերը։

Նման մերժելի նախաձեռնությունները ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլև չեզոքացնում են ժողովուրդների համերաշխության և խաղաղ գոյակցության միջավայրի ձևավորման բոլոր քայլերը։ Մշակույթը պետք է լինի կամուրջ ժողովուրդների միջև, ոչ թե քաղաքական շահախնդրության գործիք։

Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու կազմակերպություններին, դիվանագիտական շրջանակներին և մշակութային կառույցներին հստակ գնահատական տալ պատմության ու մշակույթի նկատմամբ կատարվող այսպիսի կեղծարարություններին և խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի հանդեպ իրականացվող նմանօրինակ ոտնձգությունները։

Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հարցերով 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրասենյակ

Լրահոս