18 Ապրիլի, 2025
Ավագ Ուրբաթ է…
Հաղթանակ. այլ ճանապարհ չկար մեր Տիրոջ համար, այլ ճանապարհ չկա նաև մեզ համար, ասել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը․
«Այն, ինչ պատահել է Հիսուս Քրիստոսի հետ, այսօր կատարվում է մեր Հայրենիքի հետ․․․ ուրացված և դավաճանված՝ խաղաղության համբույրով։Ինչպես մեր Տիրոջ արյունն է խաչի վրա հեղված՝ որպես փրկության, հաղթանակի և հարության նշան, այնպես էլ մեր նահատակ զավակների արյունն է հեղված մեզ վրա՝ միակ ճանապարհը ցույց տալու, թե ինչպես կարող ենք հասնել հաղթանակի։

Եթե մենք ընդունելու ենք դառնությունը, հասկանալու ենք այդ դառնության խորքերը, ճանաչելու ենք այն, և այն չենք դարձնելու մեզ համար ՀԱՐՈՒԹՅԱՆ և ՀԱՂԹԱՆԱԿԻ ճանապարհ՝ իմաստազրկված և բովանդակազրկված է մեր կյանքի ընթացքը։

Մենք կոչված ենք ընդունելու այդ դառնությունը, ճաշակելու այդ դառնությունը և այն վերածելու հաղթության։

Այլ ճանապարհ ՉԿԱՐ մեր Տիրոջ համար, այլ ճանապարհ չկա նաև մեզ համար։Այսօր մեզ վրա էլ են վիճակ նետում, մեր մեծ պատմուճանը՝ մեր Հայրենիքը, մեր ինքնությունը, արժանապատվությունը կիսելու, բաժանելու, քայքայելու, որի ակունքում 30 արծաթն էր։

30 ԱՐԾԱԹ, ՇԱՏ ՆՄԱՆ 29800-Ի։Այսօր խաչվեց և թաղվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Ոմանք կարծեցին՝ հաղթել են Հիսուսին, սակայն Քրիստոս երրորդ օրը հարություն առավ։

Բոլորիդ սրտերը թող միայն հաղթանակի ու սխրանքի մասին մտածեն։

Այս օրերը դավաճանության և ուրացումի օրեր են։ Այս օրերը մեր ինքնության, նկարագրի վաճառքի օրեր են, այնպես, ինչպես Հուդան է 30 արծաթով վաճառում իր ինքնությունը՝ իր Տիրոջը։Դա չի փոխվել, բայց չեն փոխվել նաև հարությունն ու հաղթանակը։ Մենք կոչված ենք ընթանալու դեպի այդ ճանապարհը»,- ասել է Բագրատ Սրբազանը։

 

 

Լրահոս