«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ ԱԺ ՔՊ խմբակցությունը մոտ 20 րոպեանոց նիստ անցկացրեց խորհրդարանում` խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի առնչությամբ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագծի վերաբերյալ: Չնայած այն բանին, որ ՔՊ խմբակցության պատգամավորները տարբեր անկյուններում քննադատում են Անդրանիկ Քոչարյանի պահվածքը, բայց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նիստից հետո խրոխտ հայտարարեց, թե խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին. «ՔՊ խմբակցությունը տեւական ժամանակ է աշխատում է ԱԺ-ում մշտական գործող էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որտեղ կքննվեն պատգամավորական էթիկայի առնչությամբ ամենատարբեր հարցերը: Հույս ունենք, որ այդտեղ ընդդիմությունը եւս մեզ հետ կհամագործակցի, որովհետեւ նաեւ ընդդիմության ձայներն են մեզ պետք լինելու, եւ կստեղծվի մշտական գործող էթիկայի հանձնաժողով»,- հայտարարեց Կոնջորյանն ու արագ հեռացավ:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ փակ հանդիպումից առաջ Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ականների հետ մասնավոր զրույցներ է ունեցել, բացատրել, թե ինքը լրագրողին վիրավորելու միտում չի ունեցել, ավելին՝ մեջբերել է Սաղմոսներից խոսքեր: Իսկ արդեն խմբակցության նիստի ժամանակ, երբ սկսել են հարցը քննարկել, Քոչարյանն ասել է, որ սխալ կլինի ընդդիմադիրների հետ իր վարքը քննարկել, նրանց առիթ տալ քննադատելու, ճիշտ կլինի ԱԺ-ում ունենալ էթիկայի հանձնաժողով, հետագայում նաեւ իր հարցը քննարկել, բայց ո՛չ ընդդիմության նախաձեռնությամբ: ՔՊ-ականներն էլ, որպեսզի ընդդիմադիրներին ցույց չտան, թե իրենք ճիշտ են, ստիպված որոշել են էթիկայի հանձնաժողով ստեղծել, հետո նոր Անդրանիկ Քոչարյանի հարցը քննարկել:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը մարտի 20-ին վիրավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին. նախ կոշտ տոնով պահանջել էր իր կողքից հեռանալ, ապա հորդորել էր մաքրել շրթունքները: Ավելի ուշ նա հրաժարվել էր իր վարքի համար ներողություն խնդրելուց: Փոխարենը լրագրողները ստորագրահավաք էին սկսել ԱԺ-ում՝ այս հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:
Ընդդիմադիր 2 խմբակցությունները, ընդառաջելով դիմումին, շրջանառության մեջ դրեցին նախագիծը, որից հետո ՔՊ-ն որոշեց մերժել այն:
Ստացվում է, որ Քոչարյանը կրկին մնում է անպատիժ, ինչպես եղավ իր՝ խմբակցության ներկայացուցիչներին վիրավորելու, նրանց վարկաբեկելու դեպքում, իսկ նրա «խաղաթուղթը» 44-օրյայի զեկույցն է, որը Քոչարյանը որպես «զենք» է պահել իշխանությունների դեմ եւ խոստացել է հրապարակել այս տարվա սեպտեմբերի 27-ին: Թեեւ այդ զեկույցի ներկայացումն արդեն ապօրինություն է, քանի որ հանձնաժողովը վաղուց գոյություն չունի»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում